Ազգային ժողովը միաձայն ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, ծնողներ, կին կամ զավակներ չունեցող զինծառայողների դեպքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նախատեսված ֆինանսական հատուցումը պետք է հավասարաչափ բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր և քրոջ միջև: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ:
Հատուցում է նախատեսված նաև այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ ունի զավակ: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու:
42 կողմ, 46 դեմ ձայներով էլ խորհրդարանը մերժել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները:
«Հայաստան» խմբակցությունն այս նախագծով առաջարկում էր հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը, պնդում՝ այն խնդիրներ ունի Սահմանադրության հետ: