Հույս ունենք, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանակցողների միջև արդեն տեղի ունեցած ճանաչողական հանդիպմանը հաջորդող՝ փետրվարի 24-ին նախատեսված երկրորդ հանդիպմանը, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկներն առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և մեր ակնկալիքներն էլ այդպիսին են»,- նշեց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցությանը մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին՝ Միրզոյանը նշեց, որ վարչապետի մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում:
«Հրավեր ուղարկվել է իմ և Ռուբեն Ռուբինյանի անունով, որոշում իսկապես չկա, որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին կայանալիք Վիեննայի հանդիպման արդյունքներից»,- նշեց Արարատ Միրզոյանը: