Փորձ է արվում և Հայաստանում և Հայաստանից դուրս տպավորություն ստեղծել, որ Հայաստանին ինչ-որ մեկը փորձում է օրակարգ պարտադրել, և մյուս կողմից՝ Հայաստանը խուսափում է ինչ-որ օրակարգից: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատկերացումներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը մեր Կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել, որովհետև բուն Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում:
Մենք հետաքրքրվա՞ծ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով. այո՛, պատրա՞ստ ենք արդյոք խաղաղության պայմանագիրը բանակցելու. այո՛. ի՞նչ ֆորմատով պետք է տեղի ունենա բանակցությունը. այդ մասին մեր պատկերացումները մի քանի անգամ ընդգծել ենք, հետևաբար ՀՀ-ի և կառավարության նպատակը, բոլոր նախկին կառավարությունների բանակցությունների նպատակն է եղել խաղաղության պայմանագիր կնքելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Դա մեր նպատակներից է, և մենք պատրաստ ենք առարկայական կոնկրետ խոսակցության»,- նշեց վարչապետը: