Կորոնադեպքերի աճով պայմանավորված՝ Հայաստանը շարունակում է մուգ վառվող կարմիր գոտում մնալ: Դեպքերն աճել են գրեթե բոլոր մարզերում, առավել բարձր՝ Երևանում, ցածր՝ Վայոց ձորում: Հիվանդանոցները շարունակում են ծանրաբեռնված աշխատել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.5 անգամ աճել են նաև սուր շնչառական վարակները:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Մասնավորապես 0-14 տարեկանների շրջանում են դեպքեր արձանագրվում և 30-64 տարեկանների: Հոսպիտալացման դեպքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ փետրվարի 8-ի դրությամբ ՀՀ ստացիոնարներում բուժում է ստանում 456 պացիենտ, որոնց 84.8 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները:
Թոքաբորբով 317 պացիենտ կա, նրանցից 57-ը՝ մինչև 18 տարեկան: Գրիպանման և ծանր սուր շնչառական վարակների 1089 նմուշառում է կատարվել, 20 տոկոսի մոտ հայտնաբերվել է գրիպի «Ա» տեսակի՝ H3N2 ենթատեսակ, որն ավելի արագ է տարածվում, և թիրախում հիմնականում երեխաներն են: Դպրոցներում և նախակրթարաններում, ըստ Ռոմելլա Աբովյանի՝ 1563 աշակերտ և ուսուցիչ վարակված են կա՛մ գիպով, կա՛մ կորոնավիրուսով:
Ռոմելլա Աբովյան - Ախտանշանները բնորոշ են սուր շնչառական վարակի ախտանշաններին, այսինքն՝ ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, հազ:
Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ «Օմիկրոնին» բնորոշ են սուր շնչառական հիվանդության ախտանշանները, և դա է հիմնական պատճառը, որ շատ դեպքերում քաղաքացիները թեստ չեն հանձնում և տանն ինքնաբուժմամբ են զբաղվում: Մասնագետը նշեց՝ «Օմիկրոնի» դեպքում թոքերը հիմնականում չեն ախտահարվում, բայց դա չի նշանակում, որ հետագայում այլ խնդիրներ կարող են չառաջանալ: «Օմիկրոնից» խուսափելու համար խորհուրդ տվեց պատվաստման երրորդ՝ խթանիչ դեղաչափը ստանալ:
Ռոմելլա Աբովյան - Վերջին 14 օրվա ընթացքում՝ ի համեմատ նախորդ 14 օրերի, ունենք նոր դեպքերի աճ՝ 437 տոկոսով, դրական թեստերի մասնաբաժինը կազմում է 38.5 տոկոս, նախորդ 14 օրվա ընթացքում այն եղել է 10.5 տոկոս: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 14 օրվա հաշվարկով 1.1 է, և նաև պետք է նշեմ, որ դեռևս արձանագրվում են դեպքեր 0-18 տարեկանների շրջանում, և մենք բնակչության որոշ տարիքային խմբերում ունենք դեպքերի աճ, օրինակ, 3-5 տարեկանների շրջանում՝ 7.3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 4 անգամ և 18-23 տարեկանների շրջանում՝ 5.3 անգամ:
Ռոմելլա Աբովյանը հիշեցնում է՝ պատվաստվածները թե՛ կորոնավիրուսի, թե՛ սուր շնչառական հիվանդությունների դեպքում հիմնականում բարդացումներ չեն ունենում: Քովիդի «Դելտա» շտամի համեմատ «Օմիկրոնով» հոսպիտալացվածներն այսօր մի քանի անգամ ավելի քիչ են: