Հայաստանի թառափը, ծիածանափայլ իշխանն ու սաղմոնը՝ միայն թարմ ու բնական համեմունքներով, առանց արհեստական հավելումների շարունակում են իրենց հաղթարշավը ռուսական շուկայում: Թեպետ այստեղ մրցակիցները շատ են, բայց «Էկո ֆուդի» արտադրանքը կարողանում է ոչ միայն հաջողությամբ մրցակցել, այլ նաև ամրապնդել իր դիրքերը։ Միջազգային շուկաներում ներկայության ընդլայնման նպատակով ընկերությունն այս տարի ևս ներկայացված է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում սննդարդյունաբերության խոշորագույն միջազգային ցուցահանդեսին՝ «Պրոդէքսպո 2022»-ին:
Սաթենիկ Սարգսյան («Էկո ֆուդ» ՍՊԸ-ի վաճառքի գծով փոխտնօրեն) - Արդեն երրորդ տարին է՝ «էկոֆուդ» ընկերությունը մասնակցում է միջազգային այս ցուցահանդեսին, որի արդյունքում ձեռք ենք բերել միջազգային նոր գործընկերներ: Արտահանումն իրականացվում է ոչ միայն ՌԴ, այլև երրորդ երկրներ՝ Ամերիկա և Իսրայել:
Ընկերությունն արդեն ունի 10-ամյա պատմություն: Ձկնամթերքը պահածոյացնում են՝ պահպանելով սանիտարական բոլոր չափորոշիչները: Ընկերությունը հայկական շուկայում իր դիրքերն ամրապնդել է բարձրորակ արտադրանքի շնորհիվ, իսկ ժամանակակից սարքավորումների, նոր տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր հումքի օգտագործման շնորհիվ կարողացավ հայկական պահածոների յուրահատուկ համը և որակը պահպանելով՝ այն դուրս բերել միջազգային շուկա: Տարեցտարի ընդլայնվում են թե՛ տեսականին, թե՛ արտադրության քանակն ու պատվերները:
Ռոման Սարգսյան («Էկո ֆուդ» ՍՊԸ արտադրության գծով տնօրեն) - Այստեղ ներկայացված է մեր նոր տեսականին: Ձկնային պահածոներից բացի, այս տարվանից սկսել ենք դելիկատես ուտեստների արտադրություն:
Միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում են պարենային ոլորտի առաջատարներ ավելի քան 110 երկրից, «Էկո ֆուդը» ներկայացնում է նաև մի շարք նորություններ։ Դրանց շարքում են թափանցիկ տարայի փաթեթավորմամբ օձաձուկը, ապխտած թառափը, իշխանն ու սիգը, որոնք արդեն հասցրել են գրավել այցելուների ուշադրությունը: Արդեն հասցրել են ստանալ մեծաքանակ պատվերներ:
Սաթենիկ Սարգսյան - Վաճառքի տեսականին գնալով ավելի է մեծանում, դրա համար որոշեցինք այս տարի առանձին տաղավարով, ինքնուրույն ներկայանալ:
Ընկերության նպատակն է հայկական արտադրանքի արտահանման համար ճանապարհ հարթել դեպի նոր միջազգային շուկաներ: