Բանակից՝ ՏՏ. ճանապարհը բարդ է, բայց՝ հաղթահարելի: 44-օրյա պատերազմի բովով անցած Գրիգորը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Դիսկո» ընկերության կազմակերպած ծրագրի շրջանավարտ է: Հիմա արդեն նույն ընկերությունում փորձաշրջան է անցնում:
Գրիգոր Աբրոյան («Բանակից՝ ՏՏ» ծրագրի շրջանավարտ) - Առաջին հերթին կարևորը աշխատանքն ա, դու քո վրա պիտի աշխատես: Շատ աշխատելու դեպքում համապատասխան կրթություն տրվում է, մնում ա՝ դու աշխատես ու ձգտես ինչ-որ բանի:
Նախորդ տարի ծրագրին մասնակցած ուսանողներից է նաև Արամը, կրկին նույն ընկերությունում փորձաշրջան է անցնում: Պատմությունը նույնն է, պատերազմի դաշտից ԱյԹի ճանապարհն է ընտրել: Տեխնոաշխարհը հետաքրքրել է տնտեսագետին, ծրագիրն էլ՝ հնարավորություն տվել հասնել ծրագրավորման լեզվի տիրապետման մակարդակի: Արամին ոգևորող շատ բան է եղել, ոլորտի նկատմամբ հատուկ ուշադրությունից մինչև դասավանդողների նվիրվածություն:
Արամ Միրզոյան («Բանակից՝ ՏՏ» ծրագրի շրջանավարտ) - Հիշում եմ՝ մի անգամ լույսերը գնացին դասի ժամանակ, ինքը չվերջացրեց դասը, ինչքան պետք է պարապեց, բացատրեց առանց լույսի: Արդեն երբ որ վերջացրեցինք, լույսերը տվեցին, ինքն ասեց՝ չէ՛, եկեք նույնը ցույց տամ նաև համակարգչով, ցույց տվեց, մեծ նվիրումով աշխատում էր մեր հետ:
ԱՏՁՄ-ն «Դիսկոյի» հետ արդեն երկու ծրագիր հաջող ավարտել է: Ծրագիրը լավն էր, որակյալ մշակված՝ ասում է ընկերության տեխնոլոգիական թիմի տնօրենը: Հարյուրավոր դիմորդներից մոտ 8 տասնյակը սկսել էին դասընթացը, 27-ը՝ բարեհաջող ավարտել: Հիմա պրակտիկա են անցնում ինչպես «Դիսկոյում», այնպես էլ այլ ընկերություններում:
Հարություն Բաղդասարյան (ընկերության տեխնոլոգիական թիմի տնօրեն) - «Բանակից՝ ՏՏ» ոլորտի ուսանողները առանձնահատուկ տարբերվում են իրենց նպատակասլացությամբ, դա գրավիչ ա բիզնեսի համար, և մենք ուզում ենք շարունակել էդ ուղղությամբ:
Ծրագիրը ԱՏՁՄ-ն սկսել է դեռ 2016-ին, 44-օրյա պատերազմը նոր թափ հաղորդեց նախաձեռնությանը: Ի դեպ, պատերազմի մասնակիցները և նրանց ընտանիքի անդամները հունվարի 28-ից դարձյալ դիմում-հայտեր են ներկայացնում ԱՏՁՄ-ի կայքում:
Հարություն Բաղդասարյան - Բնականաբար, ինչ-որ սելեքշն պրոցես կա, այսինքն՝ ինչ-որ հարցազրույց, բայց դա նեղ մասնագիտական չի, այլ հնարավոր պոտենցիալները հայտնաբերելուն ա միտված հարցազրույցը, որ ընտրենք այն թեկնածուներին, որոնք ավելի շատ հավանակությամբ կհաջողեն:
Կարևորում են նաև հասանելիությունը, դասերն առկա և առցանց կազմակերպում՝ հնարավորություն տալով նաև մարզի բնակիչներին նորարարական աշխարհից հետ չմնալու: «Բանակից՝ ՏՏ-ն» զուտ նախագիծ չէ ԱՏՁՄ-ի համար, սա նոր կրթական համակարգի սկիզբ է:
Շամամ Գևորգյան (ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն) - «Բանակից՝ ՏՏ»-ի հենց միտքն ու կարևորությունը կայանում է նրանում, որ հույս ու հավատ է ստեղծում, որ դեռ դու կարող ես որպես մասնակից քո կյանքի վրա մեծ ազդեցություն ունենալ և այն հնարավորությունների միջոցով, որ ստեղծում ա, բանակից ՏՏ-ն փոխես քո նախապաշարմունքները:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 27-ն է: Սա լավ հնարավորություն է՝ դառնալու ԱյԹի աշխարհի բնակիչ՝ ասում են կազմակերպիչները, հորդորում մասնակցել, կրթվել, մասնագիտական նոր կյանք մտնել: