ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում գործում է kinoashkharh.am էլեկտրոնային պարբերականը: Դեռևս 2011 թվականին հրատարակվել է «Կինոաշխարհ» ամսաթերթը՝ կամուրջ լինելով կինոյի և հայ հանդիսականի միջև:
Արդեն 2013-ին ստեղծվել է համանուն ինտերնետային կայքը՝ kinoashkharh.am-ը` ապահովելով նաև ամենօրյա տեղեկատվություն։ «Կինոաշխարհ» կայքի նպատակն է նպաստել հայ կինոյի զարգացմանը համապարփակ տեղեկատվության և ոլորտի դերակատարների համար հաղորդակցության հարթակ ստեղծելու միջոցով:
Կայքը հաջողությամբ կատարում է իր առաքելությունը` որպես հարթակ, որտեղ մտքեր են փոխանակում ժամանակի վաստակավոր գործիչները, երիտասարդ ստեղծագործողները, կինոքննադատները, ոլորտի հետ կապված գերատեսչությունների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները և այլք:
Կայքի հետ համագործակցող հեղինակները ճանաչված մշակութային լրագրողներ են, կինոքննադատներ և կինոգործիչներ:
kinoashkharh.am-ն այս տարիների ընթացքում ձեռք է բերել նաև թղթակիցներ Ֆրանսիայում (Փարիզ, Մարսել), Գերմանիայում (Մյունխեն), ԱՄՆ-ում (Վաշինգտոն) և Ռուսաստանում (Մոսկվա), որոնք ընթերցողի համար տեղեկատվություն և հարցազրույցներ են պատրաստում սփյուռքում ապրող և հայ հասարակությանը ոչ հայտնի, սակայն դրսում կայացած ու հաջողակ ստեղծագործողների մասին:
2017 թվականին «Կինոաշխարհ» կայքի «Պատերազմի վավերագրողները» խորագրի հարցազրույցների հիման վրա տպագրվել է «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը, որտեղ զետեղված են 1991-1994 թվականներին ռազմաճակատի առաջին գծում նկարահանումներ կատարած հեռուստատեսային և կինոօպերատորների գործերը: Գիրքը լայն արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։
Կայքի հիմնական բաժիններն են՝ Հայկական կինո, Համաշխարհային կինո, Նորություններ, Գրախոսություններ, Շտեմարան, Տեսակետ, «Cine՛-Մարդ» (գրող Հովհաննես Թեքգյոզյանի շարքը), Հարցազրույցներ (կինո-գրականություն, կինո-կերպարվեստ, կինո-պատմություն, կինոարխիվային նյութերի ուսումնասիրություն և հրապարակում), ինչպես նաև «Հանդիպումներ» տեսանյութերի և «Պատերազմի վավերագրողները» շարքերը։
2021 թվականին կայքի հիմնական բովանդակային ռեսուրսն ավելացվել է երկու նոր՝ ԵրիտArt և Մուլտիմեդիա բաժիններով։ ԵրիտArt-ն ամբողջապես նվիրված է մերօրյա երիտասարդ կամ կինոյում առաջին քայլերն անող կինոգործիչներին։ Կայքի վերջնանպատակը հայ ընթերցողին ոչ միայն կինոյի հայրենական և համաշխարհային անցուդարձին ծանոթացնելն է (օտար աղբյուրներից թարգմանություններ), այլև օտարերկրյա ընթերցողին տեղեկացնելը, թե ինչ է կատարվում հայկական կինոյում այսօր: