Հանել խաչը, մաքրել հայերեն ամեն տառ ու բառ հայկական հուշարձաններից, խեղաթյուրել պատմական անցյալը: Սա 44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Բաքվի որդեգրած հակահայկական քաղաքականությունն է՝ ճարտարապետ Րաֆֆի Քորթոշյանի գնահատմամբ: Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել օկուպացված տարածքներում հայկական հետքը հիմնովին վերացնելու համար:
Րաֆֆի Քորթոշյան (ՀՃՈՒՀ փոխտնօրեն) - Ի մասնավորի՝ հայերեն արձանագրությունները, որոնք ինքնին փաստում են այդ կառույցների իրական պատկանելությունը:
Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա լինել՝ հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի հայկական հուշարձանները աղվանական վերափոխելու համար ստեղծված՝ «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խմբի» գործունեությունը:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան (ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ) - Սա տանում է ոչ թե Առաքելական Եկեղեցու ձևափոխման, այլ ոչնչացման է տանում, որովհետև արձանագրությունը մաքրելով՝ դա չի նշանակում, այդկերպ հայկական ճարտարապետությունն էլ են վերացնում:
Հայկական ճարտարապետությունը աղվանական, ուդիական ներկայացնելու Բաքվի փորձերը մարտահրավեր են ոչ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլև քաղաքակիրթ հանրությանն ու միջազգային կառույցներին: Ճարտարապետը հիշեցնում է Հաագայի դատարանի վճիռը՝ ընդդեմ Ադրբեջանի գործողությունների:
Րաֆֆի Քորթոշյան - Եթե նախորդներում վճիռ չկա, ապա այս դեպքում 2021-ի դեկտեմբերի 7-ի վճիռը Ադրբեջանին պարտավորեցնում է հայկական հուշարձանները պահպանել ինչպես կա: Քանի չեն սկսել, պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմել:
Մինչև Հաագայի դատարանի որոշումը՝ երկու կեղծ հայտարարություններ էլ են հնչել՝ հիշում է Քորթոշյանը: Ադրբեջանի մշակույթի նախարարը, ապա այդ երկրի նախագահը հայտարարել էին, իբր հայերը ամեն տեղ խաչքար են տեղադրել ու հայկականացրել հուշարձանները: Սուտը կարճ ժամանակ անց բացահայտել էին հայ մասնագետները:
Րաֆֆի Քորթոշյան - Դա Շահբուլաղի բերդի լուսանկարի տակ էր արել Ադրբեջանի մշակույթի նախարարը: Դա մեծ սուտ էր, որովհետև այդ նկարները 2 հազար կմ հեռու՝ Վրաստանում Ախալցխա բերդից էր, դրանից հետո տեսանք Ադրբեջանի նախագահի արձանագրությունը Հադրութի Ծաղկավանքի մոտ, որտեղ 17-րդ դարի արձանագրությունը ֆեյք էր համարում, որը 19-րդ դարում մի քանի անգամ հրապարակվել էր:
Ադրբեջանի անթաքույց հակահայ գործողությունները կանխելու համար Մայր Աթոռը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին, կրոնական ու միջազգային կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու մշակութային վանդալիզմի փաստին՝ կանխելու նմանօրինակ դրսևորումները:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան - Ոչ մի ուժ չի կարող ստիպել մեզ հեռանալ մեր հողից, վանքերից, մնալու ենք, շենացնենք, հզորացնենք Արցախ աշխարհը: