ՓՄՁ-ները Հայաստանում կարող են ավելացնել իրենց եկամուտը, եթե անցնեն «կանաչ աճի»: Խոսքը ներդրում պահանջող բնապահպանական տեխնոլոգիաների մասին չէ, այլ եղած ռեսուրսներից ավելի մեծ շահույթ ունենալու։ Խաղողից գինի քամելու դեպքում, օրինակ, հնարավոր է լրացուցիչ գումար վաստակել մրգի կորիզից էլ յուղ ստանալով։ Շահավետ նոր գաղափարներ կիրառելու ժամանակն է հատկապես վերամշակող ճյուղում՝ պնդում են փոքր ու միջին բիզնեսի համար կանաչ աճի ծրագիր սկսող Գործարարության աջակցման գրասենյակում։
Հովսեփ Պատվականյան (Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար) - Վերամշակող արդյունաբերության թույլ օղակը նա է, որ ունենում ենք մեծ թափոններ՝ անկախ նրանից, թե որ ոլորտն է՝ սննդի վերամշակում, անասնապահություն թե տեքստիլ։ Մի կողմից սա դառնում է գլխացավանք բիզնեսի համար, մյուս կողմից կարելի է օգտագործել որպես հումք՝ այլ ուղղություն զարգացնելու համար:
Կանաչ տնտեսության աշխարհի փորձը յուրացնելու հարցում հայկական բիզնեսներին կօգնի Բրիտանական կառավարությունը։ էկոնոմիկայի նախարարության ու ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի ֆինանսավորումը ստանձնել է՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը»՝ միջոցառման on-line մեկնարկին հպարտությամբ տեղեկացրեց դեսպան Գալագերը։
Ջոն Գալագեր (ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան) - Զարգացող երկրներին՝ ինչպիսին Հայաստանն է, ՄԹ-ը ցանկանում է օգնել՝ առաջնահերթությունը դնելով կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի վրա։ Մենք կփորձենք աջակցել հայկական ՓՄՁ-ներին՝ կանխատեսել և կառավարել կլիմայական ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ածխածնի արտանետումներն ու հասնել կայուն զարգացման։
Բնությունը խնայող, թափոնները կրճատող տնտեսական գաղափարները Հայաստանում էլ են համարվում աճի շարժիչ։ Կանաչ տեխնոլոգիաների խթանումը Կառավարությունն ամրագրել է ՓՄՁ-ների զարգացման մինչև 2024 թվականի ռազմավարությունում՝ հայտարարում է էկոնոմիկայի փոխնախարարը։
Անի Իսպիրյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ բարձրացնել Հայաստանի ՁՄՁ-ների մրցունակությունը՝ ավելի կանաչ հնարավորություններ ստեղծել: Բնապահպանական ռիսկերի ավելի լավ կառավարման անցումը, իհարկե, շատ մեծ խթան կլինի նպատակին հասնելու համար։
Արտադրության նաև թափոնից եկամուտ ստանալու ի՞նչ մոդելներ ընտրել, ինչպե՞ս դրանք կիրառել՝ հայկական բիզնեսների համար բացահայտելու են MB Consulting-ի խորհրդատուները։ Ապա՝ մարտից սկսած, մարզերում դասընթացներ կանցկացնեն 400-ից 500 ձեռներցի համար։
Դավիթ Մանուկյան («Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագրի փորձագետ) - ՓՄՁ-ները տեղեկատվություն կստանան ինչպես ինտեգրել կանաչ զարգացման բիզնես մոդելներն իրենց ռազմավորություն, ինչպիսի էժան ֆինանսավորումներ կան:
Դոնոր-կառույցները, ի դեպ, վերջին տարիներին ավելի մեծ գումարներ են հատկացնում կանաչ տեխնոլոգիաներ կիրառող բիզնեսներին՝ ՓՄՁ-ներին հուշում են ծրագրի պատասխանատուները։ Էկոստանդարտներին սկսել են մեծ նշանակություն տալ նաև սպառողները, այնպես որ՝ ապրանքն արտադրվի թե՛ տեղական շուկայի, թե՛ արտահանելու համար: Վաճառքում հայտնվում է «բնապահպանական ռիսկերն ինչքան պակաս, գինն այդքան բարձր» սկզբունքով։