Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամսվա ընթացքում կտրուկ ավելացել են պարեկներին կաշառք առաջարկելու դեպքերը: Միայն Հակակոռուպցիոն կոմիտեում նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս հարուցվել է 11 քրեական գործ, որոնցից երեքը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է: Դատարան ուղարկված գործերից մեկով, բացի քրեական պատասխանատվությունից, վարորդի նկատմամբ նաև 3 վարչական արձանագրություն է կազմվել՝ մեքենայի առջևի դիմապակին եղել է թաղանթապատված, մեքենան չի անցել սահմանված կարգով տեխնիկական զննություն, առկա չի եղել ԱՊՊԱ պայմանագիր:
Սմբատ Մխիթարյան (Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար) - Վարդան Միրզոյանի գրպանն է մտցրել մեկ հատ 20 հազար անվանական արժեքով թղթադրամ: Դրանից անմիջապես հետո պարեկային ծառայության տեսուչները՝ Վարդան Միրզոյանը և Սերգեյ Հարությունյանը Գեղամ Նազարյանին բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան 20 հազար դրամը:
Ոստիկանին կաշառք առաջարկելու համար մեղադրվող վարորդը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել և ինքնախոստովանական ցուցմունք տվել:
Մեկ այլ դեպքում էլ պարեկները կանգնեցրել են տրանսպորտային միջոցը թաղանթապատված ապակիներով վարելու կասկածանքով, ապա պարզել են, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում: Պատասխանատվությունից խուսափելու համար վարորդը ոստիկաններին առաջարկել է հարցն այլ կերպ լուծել՝ դիմելով կաշառքի օգնությանը:
Խորեն Մեջլումյան (Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար) - Երբ որ պարեկների կողմից ստացել է մերժում, գրպանից հանել է գումար, դրանից առանձնացրել մեկ հատ 20 հազարանոց թղթադրամ և որպես կաշառք առաջարկել է պարեկներին:
Առաջարկից հետո պարեկները վարորդին բերման են ենթարկել: Այս դեպքում ևս նա իրեն մեղավոր է ճանաչել: Նախաքննությունը շարունակվում է:
Խորեն Մեջլումյան - Հաշվի առնելով վերջին շրջանում նման հանցագործությունների կրկնելիությունը, պետք է մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ հանցագործություն է համարվում ոչ միայն կաշառք տալը, այլ նաև կաշառք առաջարկելը:
Կաշառք տալու և առաջարկելու համար որպես պատիժ նախատեսված է ընդհուպ 3 տարի ժամկետով ազատազրկում, ուստի Հակակոռուպցիոն կոմիտեից զգուշացնում են` զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան