ՌԴ-Ն ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Ավելի քան հինգ ժամ. հենց այսքան են տևել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների բանակցությունները: Երկու տարվա ընդմիջումից հետո երկու երկրների ղեկավարները հանդիպել էին՝ քննարկելու առաջին հերթին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Մոտ երկու ամիս ձգձգվող լարվածությունը սպառնում է վերածվել լայնամասշտաբ պատերազմի:
Բանակցություններից հետո նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում Էմանուել Մակրոնը հայտարարել է՝ հաջողվել է քննարկել իրավիճակի ապաէսլակալացիայի հետ կապված մի շարք հարցեր:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Հաջորդ մի քանի օրը որոշիչ է լինելու և պահանջելու է ինտենսիվ երկխոսություն, որը մենք կանցկացնենք միասին: Անհրաժեշտ են նոր մեխանիզմներ, որոնք կայունություն կապահովեն: Մենք նախագահ Պուտինի հետ ձգտել ենք գտնել կետեր, որտեղ մեր դիրքորոշումները համընկնում են: Առաջիկա օրերին և շաբաթներին դրանք պետք է հաստատվեն: Դա կախված է լինելու ԱՄՆ-ի, ՆԱՏО-ի մեր գործընկերների հետ խորհրդակցություններից, ինչպես նաև նախագահ Զելենսկու հետ բանակցություններից:
Նախագահ Մակրոնը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է կառուցել Եվրոպայի կայունության նոր համակարգ, և Մոսկվան ու Փարիզը պատրաստ են աշխատել անվտանգության երաշխիքների շուրջ:
Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ուկրաինայի արևելքում ստեղծված իրադրությանը, Կիևին մեղադրել է մի շարք պայմանավորվածություններ չկատարելու համար: Խոսքն առաջին հերթին Նորմանդական ձևաչափի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների և, մասնավորապես, Մինսկի պայմանավորվածությունների մասին է, որոնցով կողմերը պարտավորվել էին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել հետագա բախումներից խուսափելու համար:
Կիևը փորձում է ապամոնտաժել այդ պայմանավորվածությունները՝ բառացի հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Չկա առաջընթաց այնպիսի սկզբունքային հարցերի շուրջ, ինչպիսիք են Սահմանադրական փոփոխությունները, համաներումը, տեղական ընտրությունները, Դոնբասի իրավական հատուկ կարգավիճակի հարցը: Դրանք պետք է կյանքի կոչել, հակառակը չի հաջողվի:
Կրեմլի ղեկավարը, չնայած նախկինում եղած լուրջ հակասություններին, քաղաքական ապաստան է առաջարկել Ուկրաինայի էքս-նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում:
Պուտինը նշել է, որ Մակրոնի մի շարք առաջարկներ «հնարավոր է իրագործել»:
Բանակցությունների առանցքում նաև ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հակասությունների հարցն է եղել: Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան մի շարք պահանջներ էր ներկայացրել դաշինքին: Ութ կետից բաղկացած փաստաթղթում, ամրագրված էր, որ ՆԱՏՕ-ն, մասնավորապես, պետք է հրաժարվի կառույցի հետագա ընդլայնումից դեպի արևելք:
Դաշինքը Մոսկվային գրավոր պատասխան էր ներկայացրել, որում, փաստացի, մերժել էր Կրեմլի հիմնական պահանջները: Բանակցություններից հետո Պուտինը ևս մեկ անգամ հայտարարել է՝ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին անընդունելի է և կարող է պատերազմի հանգեցնել:
Վլադիմիր Պուտին - Ինչո՞ւ է Ուկրաինայի հնարավոր անդամակցումը դաշինքին այդքան վտանգավոր։ Խնդիր կա. օրինակ՝ եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, համարում են, որ Ղրիմը, ենթադրենք, Ուկրաինայինն է: Իսկ մենք համարում ենք, որ այն Ռուսաստանի մասն է: Եվ եթե փորձ արվի փոխել այդ իրավիճակը ռազմական ճանապարհով, դա կնշանակի ռազմական հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Պետք է պատերազմե՞նք ՆԱՏՕ-ի դեմ։
Այդ պարագայում եվրոպական երկրները նույնպես ներքաշված կլինեն մի պատերազմում, որը հաղթողներ չի ունենա, հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
ՊՈՒՏԻՆ-ՄԱԿՐՈՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՆԱԵՎ ԼՂ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ ընդգծելով համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում։ Իր խոսքում Էմանուել Մակրոնը ներկայացրել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ձեռնարկած ջանքերը և ընդգծել, որ հաջողվել է հայրենիք վերադարձնել 8 հայ ռազմագերու։
Էմանուել Մակրոն - Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ 8 ձերբակալված անձ է ազատ արձակվել: Ֆրանսիական ճգնաժամային կենտրոնը ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար: Նախորդ ուրբաթ մենք նախագահ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ տեսակոնֆերանս ենք անցկացրել, որի ընթացքում անդրադարձ է եղել անհետ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցերի, որոնք նույնպես կայունության տարրեր են հանդիսանում: Ցանկանում եմ ողջունել այն դերակատարումը, որը սահմանին ունեցել են ձեր զինվորականները Հայաստանի և Ադրբեջանի համար բարդ ժամանակաշրջանում: Մինսկի խմբի պայմանավորվածությունների շրջանակում ևս և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը համապատասխան դերակատարություն ունեն:
Մոսկովյան բանակցություններից հետո Էմանուել Մակրոնն ուղևորվել է Կիև, որտեղ նրան կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զուգահեռ Կրեմլում կայացած հանդիպմանը Վաշինգտոնում բանակցություններ են անցկացրել նաև Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Բայդենը հանդիպումից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի պարագայում «Հյուսիսային հոսք-2» այլևս չի լինի, սակայն, Սպիտակ տան ղեկավարը չի նշել, թե ինչ քայլեր են նախատեսում ձեռնարկել։
Հնարավոր ռազմական սցենարի դեպքում, եվրոպական երկրները նույնպես չեն պատրաստվում անմասն մնալ և առնվազն նոր պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի նկատմամբ։ Գերմանիան պատրաստ է կրել հնարավոր կորուստները, ասել է Օլաֆ Շոլցը, որը նույնպես Վաշինգտոնից հետո ուղևորվել է Կիև: