Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:
«Բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա: Այստեղ որևէ մեկնաբանելու առիթ չեմ տեսնում: Բազմաթիվ մեկնաբանություններ տարբեր ժամանակներում եղել են»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Արշակյանն ավելացրեց, որ միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ քննարկումներ Հայաստանում չեն ընթանում:
Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»: