ԱԺ պատգամավորները քննարկել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը:
Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 68.000 դրամ նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով 100.000 դրամ:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ ընդդիմադիր գործընկերների նախաձեռնությունը վերաբերում է միայն ամսական աշխատավարձին, և դրանում որևէ անդրադարձ չկա գործավարձով կամ ժամավարձով աշխատողների ժամային տարիֆային դրույքաչափերին, ինչը հեղինակն ընդունել է: Բացի դրանից՝ նախագծով առաջարկվող կարգավորումները հակասում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներին:
Ելույթ ունենալով՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է նախագծի թերությունները: Ըստ նրա՝ դրանցից մեկն այն է, որ եթե այս տեսքով ընդունվի նախագիծը, ապա պետական պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձն ավելի շատ կբարձրանա, քան նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների աշխատավարձը:
Պատգամավորը հիշեցրել է, որ 2019 թվականին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ու նաև Կառավարության առաջարկով բարձրացվել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 000 դրամից հասցվելով 68.000-ի, այն դեպքում, երբ դրանից առաջ՝ 5 տարի, այն չէր փոխվել, թեև 2012-2017 թվականների Կառավարության ծրագրով խոստացվել էր այն առնվազն կրկնապատկել:
«Ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 68.000-ից 100.000 դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ»,- ասել է նա՝ նկատի ունենալով դրա ռիսկերը:
Պատգամավորը հավելել է, որ իշխանությունը խոստացել է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը՝ դարձնելով այն 85.000 դրամ, և դա անելու է՝ տնտեսական հնարավորություններին զուգահեռ և համահունչ:
Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ներառվել: