ՀՀ ԱԱԾ-ում ստացված փաստական տվյալների հիման վրա, ոստիկանությունից ՀՔԾ ուղարկված նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Բերդ քաղաքի բնակիչ Կ. Մ.-ն, հայտաբերելով անհայտ անձի կողմից տան բակում գտնվող արհեստանոց-շինության մուտքի դռների կողպեքները կոտրելով ապօրինի մուտք գործելու միջոցով մի քանի իրերի, այդ թվում՝ իր անունով հաշվառված որսորդական հրացանի գողության փաստը, հանագործության մասին հաղորդում տալու նպատակով անմիջապես այցելել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին, հանդիպել բաժնի պետ Գ. Դ.-ին: Վերջինս օպերատիվ գծով տեղակալ Կ.Մ.-ին ձևականորեն հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ հափշտակված որսորդական զենքը և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Սակայն գիտակցելով, որ հանցագործության դեպքը հաշվառելուց հետո մեծ է դրա չբացահայտման հավանականությունը՝ բաժնի ցուցանիշները չվատթարացնելու նպատակով Գ. Դ.-ն ու Կ. Մ.-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հիշյալ հանցագործության դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել բաժնում: Փոխարենը բաժնի պետի խնդրանքով քաղաքացին ներկայացրել է դիմում այն մասին, որ որսորդական զենքը ոչ թե հափշտակվել է, այլ այն կորցրել է անտառում, որպեսզի քողարկվի հանցագործության դեպքը:
Հետագայում ևս երկու անգամ քաղաքացին հայտնաբերել է անհայտ անձի կողմից նույն եղանակով նույն արհեստանոցներից հափշտակություններ կատարվելու փաստեր՝ յուրաքանչյուր անգամ այդ մասին տեղեկացնելով Ոստիկանության Տավուշի բաժնի պետին և տեղակալին: Սակայն նույն շահադիտական նպատակներով վերջիններս ամեն անգամ անտեսել են սահմանված կարգով քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում ընդունելու պահանջները, շարունակվող գողությունների պայմաններում համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել շինությունները դիտարկման տակ պահելու ուղղությամբ, ինչի պատճառով հանցագործին հաջողվել է թաքնվել:
Նախաքննության ընթացքում ոստիկանության Տավուշի բաժնի պետ Գ.Դ.-ն ընդունել է մեղքը, զղջացել, տվել ինքնախոստովանական և հանցակիցներին մերկացնող ցուցմունքներ: Ելնելով դրանից՝ գործուն զղջալու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նա ազատվել էր ոստիկանությունում ծառայությունից:
Մինչդեռ բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում դատախազի համաձայնությամբ քննիչը կայացրել է վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում:
Քրեական գործը վերջինիս վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատական ակտի դեմ պաշտպանի կողմից բերվել է վերաքննիչ, ապա վճռաբեկ բողոք, որոնք մերժվել են:
Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության նշված աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման և դրանց ընթացք տալու կարգի ապահովման, ինչպես նաև հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու նպատակով համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու պարտականությունների հանցավոր չկատարումը:
Նկատի ունենալով, որ դա նպաստում է հանցագործությունների թվի աճին, հանցագործների շրջանում անպատժելիության մթնոլորտի առաջացմանը և հանցագործություններից տուժած անձանց մոտ ձևավորում է անվստահություն իրավապահ համակարգի նկատմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է հասցեագրվել Ոստիկանության պետի տեղակալին՝ նշված թերությունները, դրանց պատճառները, նպաստող հանգամանքները վերացնելու, ինչպես նաև ոստիկանության Տավուշի բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ի հետագա պաշտոնավարումը դադարեցնելու հարցը քննարկելու նպատակով:
ՀՀ դատախազությունը հարկ է համարում իրազեկել քաղաքացիներին, որ «ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017 թ. նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման 35-րդ կետով սահմանված է, որ դիմողից, նրա ներկայացուցչից անմիջապես ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում հանցագործության մասին հաղորդում ընդունելիս՝ հաղորդում ընդունող ոստիկանության իրավասու ծառայողը պարտավոր է վերջիններիս անհապաղ տրամադրել կտրոն-ծանուցագիր (ձև N 4): Իսկ էլեկտրոնային եղանակով հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում հաղորդում ներկայացնողին կտրոն-ծանուցագիրն ուղարկվում է էլեկտրոնային եղանակով:
«Ըստ այդմ՝ քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում հանցագործության մասին հաղորդում ներկայացներիս լինել հետևողական ոստիկանության ծառայողների կողմից դրանք սահմանված կարգով ընդունելու, գրանցելու հարցում և հաղորդում ընդունող ոստիկանության ծառայողից պահանջել անհապաղ տրամադրել համապատասխան կտրոն-ծանուցագիրը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: