ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի մասին:
«Երեկ Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել՝ մասնավորապես նշելով, թե ում է պետք Հայաստանը և այլն: Այդ որակումները դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ: Ուզում եմ հիշեցնել՝ վերջերս՝ ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը, և ես վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք, և ում է պետք ՀՀ-ն»,- ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։
«Հայաստանը փախչելու տեղ չունի: Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»,- ասել էր Բելառուսի նախագահը:
Բելառուսի ղեկավարի ձևակերպումներին անդրադարձել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: