Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Կիևում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ, ինչից հետո ղեկավարները մամուլի ասուլիս են անցկացրել։ Մակրոնն աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և հայտարարել, որ Զելենսկին հաստատել է Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ցանկությունը։
«Երեկ Վլադիմիր Պուտինը նույնպես հաստատեց իր պատրաստակամությունը՝ կատարելու Մինսկի պայմանավորվածությունները, դրանք խաղաղության հասնելու և երկարաժամկետ քաղաքական որոշումներ գտնելու միակ ճանապարհն են»,- ընդգծել է նա: Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ փետրվարի 10-ին Նորմանդական քառյակի երկրների քաղաքական խորհրդականները կրկին կհանդիպեն Բեռլինում։
Մակրոնը կարծիք է հայտնել, որ հարկավոր է մշակել դեէսկալացիայի նոր մեխանիզմներ, կայացնել ընդհանուր որոշումներ, որոնք թույլ կտան երաշխավորել անվտանգությունն ամբողջ տարածաշրջանում։ Նախագահի խոսքով՝ Ուկրաինան նաև հաստատել է հավատարմությունը Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Զելենսկին արդյունավետ է անվանել Մակրոնի հետ հանդիպումը՝ նշելով, որ դրա առանցքային հարցերից մեկը եղել է խաղաղ գործընթացների ապահովումը։ Նա նաև հույս է հայտնել, որ շուտով կկայանա Նորմանդյան քառյակի երկրների գագաթնաժողովը։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Ֆրանսիան իր երկրին կտրամադրի 1,2 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն, ինչը կօգնի կայունացնել երկրի տնտեսությունը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես է գնահատում Մակրոնի և Պուտինի հանդիպումը, Զելենսկին ասել է, որ չի դիտել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մամուլի ասուլիսը, քանի որ զբաղված է եղել։
Բանակցությունների ավարտին երկրների պաշտոնյաները ստորագրել են ենթակառուցվածքների և ռազմարդյունաբերական ոլորտների երկկողմ պայմանագրեր։
*****
Իրանը և ԱՄՆ-ը Վիեննայում վերսկսել են անուղղակի բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ 2015թ. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման նպատակով: Քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է, որ միջուկային գործարքին վերադառնալու բանակցությունները եզրափակիչ փուլում են, իրանական կողմը համարում է, որ պատժամիջոցների չեղարկման մասին իրենց պահանջների մի մասը մինչ օրս անուշադրության է մատնվել: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թվիթերում գրել է, որ բանակցությունները հարթ չեն ընթանա, եթե ԱՄՆ ներկայիս վարչակազմը շարունակի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սկսած «ճնշման քաղաքականությունն» Թեհրանի դեմ:
*****
ԱՄՆ կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի ղեկավար ղեկավար Նադին Մաենզան մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու գրությունները տաճարներից հեռացնելու՝ Բաքվի ծրագրերի կապակցությամբ: Այդ մասին նշված է հանձնաժողովի՝ Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում: «Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերը և կրոնական ու մշակութային այլ օբյեկտները»,- ասված է գրառման մեջ։ Ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտնել էր Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում եկեղեցիներից հայկական հետքը մաքրելու մտադրության մասին:
*****
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և ԵՄ քաղաքականությանը Բաքվի միջամտության թեմաները քննարկվել են Եվրախորհրդարանում: «Ժողովրդավարություն՝ հանուն Ադրբեջանի շարժման» ներկայացուցիչ, ԵՄ-ում և Եվրախորհրդում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամադովը նշել է, որ եվրոպական կառույցները հաճախ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի վրա աչք են փակում։ Նա հիշեցրել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալները: Լսումների մասնակիցները կոչ են արել ԵՄ-ին 2 միլիարդ եվրոյի չափով օգնություն չհատկացնել Ադրբեջանին՝ ֆինանսական միջոցների օգտագործման թափանցիկության բացակայության պատճառով։