Ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը համալրվել է: Ոչ միայն ինտենսիվ այգիների տերերը, այլև համայնքները կարող են օգտվել սուբսիդավորվող վարկերից ու համայնքային ջրամբարներ կառուցել: Արդիական ոռոգման համակարգերի տեղադրման համար հիմա պետությունը կվերադարձնի ծախսի կեսը:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Եթե նախկինում գումարի վերադարձը կազմում էր 22-25 տկոս, ապա Կառավարության վերջին փոփոխությամբ այն կազմում է շուրջ 50 տոկոս:
Եթե համակարգը տեղադրվում է վարկով, երկարացվում է նաև վարկավորման ժամկետը. գումարը, նախկին երեքի փոխարեն, կարող են մարել չորս տարում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել այգետերերի ֆինանսական բեռը:
Արման Խոջոյան - Այս ամենը զուգորդվում է նաև Կառավարության մեկ այլ ծրագրով, համաձայն որի՝ եթե արդիական ոռոգման համակարգեր են կիրառվում, ապա այդ տնտեսվարողը, ֆերմերը առաջիկա երեք տարում ազատվում է ջրի վարձից:
Բացի դրանից՝ այսուհետև էժան տոկոսադրույքով ջրավազանների կառուցման հնարավորություն կունենան նաև համայնքները: Ջրամբարներից կարող են օգտվել համայնքի ֆերմերները: Ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրով ֆերմերները կարող են վարկը մարել այն ժամանակ, երբ բիզնեսը լիարժեք եկամտաբեր կդառնա:
Արման Խոջոյան - Այժմ վարկը հասանելի է 2 տոկոս տոկոսադրույքով, 5 տարի արտոնյալ ժամկետ: Այսինքն՝ այգի հիմնելու համար ֆերմերը 5 տարի գումար չի վճարում և մինչև ութ տարի մարման ժամկետ ունի:
2021-ին կտրուկ ավելացել է փոքր հողակտորների վրա ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների թիվը: Կեսից մինչև մեկ հեկտար այգի ունեցող 61 ֆերմեր արդեն անցնում է ինտենսիվ այգեգործությանը: