Սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը մեր երկրում շարունակում է բարձր մնալ՝ պայմանավորված նաև այս էտապում կորոնավիրուսի ակտիվացման հետ: Համաճարակաբանն ընդգծում է՝ բարձր ակտիվություն է նկատվում թե՛ պոլիկլինիկաներ, թե՛ շտապ օգնություն դիմելու առումով: Մշտադիտարկումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով:
Եվգենյա Խաչատրյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան) - Հիվանդանոցներում բուժվում է 488 պացիենտ, որից 0-14 տարեկանները կազմում են 85 տոկոս: Մի փոքր ակտիվացում ունենք նաև 30-64 տարեկանների շրջանում՝ հիմնականում կապված կորոնավիրուսային հիվանդությամբ:
Վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 24 երեխա, որի 98 տոկոսը՝ 0-14, 86 տոկոսը՝ 0-4 տարեկան երեխաներ են: Կորոնավիրո՞ւս, թե՞ սուր շնչառական վարակ: Տարբերակումը բարդ է. գրեթե նույն ախտանշաններն են, ասում է համաճարակաբանն ու ընդգծում, որ եթե ծնողը նկատում է, որ երեխայի մոտ երկու օրից ավելի առկա է քթահոսություն, կոկորդի ցավ, մկանացավ, գլխացավ և ջերմություն, պետք է բժշկի դիմի:
Եվգենյա Խաչատրյան - Երեխաների շրջանում ինքնաբուժմամբ զբաղվելու կմարիք չկա, որովհետև հենց ինքնաբուժումն է բերում երեխայի ընդհանուր իրավիճակի բարդացմանը: Կարևոր է, որ բուժումը նշանակի բուժող բժիշկը:
Սուր շնչառական հիվանդությունների շրջանը ընդունված է համարել հոկտեմբերը, ավարտը՝ մայիսը: Մասնագետները հորդորում են չհետաձգել ու պատվաստվել գրիպի դեմ:
Առաջիկա ամիսներին մշտադիտարկումներն ակտիվ կշարունակվեն՝ հույսով, որ իրավիճակը կկայունանա: