Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 88 երեխայի խնամք 2021-ին կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում: Վերջին տարիների վիճակագրությունն է ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը, շեշտում՝ վերջին տարիների աճն ակնհայտ է:
Անահիտ Հովհաննիսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ) - 2018 թվականին 18 խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն է ստացել 17 երեխա, 2019 թվականին՝ 48 ընտանիքում՝ 50 երեխա, և 2020 թվականի 54 ընտանիքում՝ 78 երեխա»:
Այս տարիների ընթացքում փոխվել է նաև մասնագիտացված խնամք ստացողների թիվը: 2018-ին շահառուները երկուսն են եղել, 2021-ին՝ 7-ը: Սրանք այն ընտանիքներն են, որտեղ խնամք և դաստիարակություն են ստանում ծանր առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաները: Անահիտ Հովհաննիսյանի խոսքով՝ հանրապետության մարզերից միայն Վայոց ձորն է, որտեղ հաշվառված խնամատար ծնող դառնալ ցանկացողներ չեն եղել:
Անահիտ Հովհաննիսյան - Ուսումնասիրությունները մարզպետարանի ցույց են տվել, որ այո, հնարավոր է նաև մենթալիտետի որոշակի տարբերություն լինի այս հարցի հիմքում: Այնուամենայնիվ, չեն ժխտում, որ հնարավոր է՝ առաջիկայում ունենանք նաև այս հատվածում; Մենք ուրախ ենք, եթե չկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ, հետևաբար չի լինի կարիքը այս ընտանիքների:
Խնամատար ծնող դառնալ ցանկացողները նախապես հաշվառվում են, գրանցվում վերապատրաստումների համար: «Տարածքային համաչափ զարգացվածությունն ապահովելու համար խնամատար ծնողների բազա պետք է լինեն բոլոր մարզերում»: Ըստ վիճակագրության՝ ակտիվ հետաքրքրություն կա հատկապես Երևանում և Լոռիում:
Խնամատար ծնողներից բացի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքով և դաստիարակությամբ նաև ցերեկային կենտրոններն են զբաղվում. 2021-ի տվյալով՝ այստեղ տարեկան 600 երեխայի խնամք է կազմակերպվում:
Մեր երկրում այպիսի 6 պետական հաստատություն կա. երեքը՝ Երևանում, մյուսները՝ Լոռիում, Շիրակում և Սյունիքում: