Միջազգային հանությունը պետք է ուշադրություն դարձնի պաշտոնական Բաքվից հնչող այն հայտարարություններին, որով վտանգվում է հայկական պատմամշակութային ժառանգության գոյությունը: Խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամը հիշեցրել է Ադրբեջանի մշակույթի նախարարի այն խոսքերը, ըստ որոնց՝ պատերազմից հետո իրենց վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվելու:
Սոնա Ղազարյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել ու ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, ինչպես նաև հիշեցնել ԵՄ մեր գործընկերներին, որ 2.1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում իր ավտորիտար ռեժիմով, այլ նաև իր հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և մեր պատմամշակութային հուշարձաններն ավերելու քաղաքականությամբ:
Ղազարյանը հիշեցրել է նաև ԵԽԽՎ բանաձևերի մասին, որոնցում ևս ներկայացվում են հայկական հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձերը:
Սոնա Ղազարյան - Ստացվում է, որ պատերազմի ընթացքում, երբ ռմբակոծվում էին մեր մշակութային կոթողները, երկու անգամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելը պատահականություն չէր, ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը, այլ հստակ մարտավարություն է հայկական հետքը մաքրելու: Ուզում եմ հարց ուղղեն իրենց՝ ո՞ւմ և ի՞նչ նպատակով են ուղղվում ԵՄ ֆինանսական միջոցները:
Վերադառնալով ներքին հարցերին. նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դարձնելու ընդդիմության նախագիծն այսօր չընդգրկվեց լիագումարի օրակարգ: Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը զեկուցեց, պատճառաբանեց՝ թանկացել են ջուրը, լույսը, սպառողական գներն աճել են 7,2, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով: Ընդդիմությունը վստահ է՝ կառավարությունը պետք է վերանայի նվազագույն աշխատավարձը:
Աղվան Վարդանյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են, այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունն ավելացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով:
Վարդանյանը կոչ արեց նախագիծն օրակարգում ընդգրկել, իր բնորոշմամբ՝ քաղաքացիներին դեմ չքվեարկել: Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն էլ պարզաբանեց՝ ընդդիմադիրների նախաձեռնությունը վերաբերում է միայն ամսական աշխատավարձին ու անդրադարձ չկա, օրինակ, ժամավարձով աշխատողներին: Բացի այդ, ըստ պատգամավորի՝ առաջարկվող կարգավորումը 2022-ի բյուջեին էլ է հակասում: Ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահն էլ նկատեց՝ այս թեման իշխանության նախընտրական խոստումներից է, բայց նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է լինի տնտեսական հնարավորություններին զուգահեռ ու համահունչ:
Գևորգ Պապոյան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Մեր նախընտրական խոստման մեջ նշել ենք, որ նվազագույն աշխատավարձը 85 հազարի ենք հասցնելու, բայց նվազագույնի մասին է խոսքը, և, բնականաբար, լավ ցուցանիշների պարագայում ավելի արագ է աճելու նվազագույն աշխատավարձը:
Պապոյանն առաջարկեց նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի բյուջեի համատեքստում ու հենց քննարկումների արդյունքում որոշել դրա չափը: Իսկ մինչև այդ 31 կողմ, 61 դեմ ձայնով նախագիծն օրակարգ չընդգրկվեց։
Փոխարենը՝ լիագումար հասած մեկ այլ փաթեթով ընդդիմությունն առաջարկում է ընդհանրապես հանել բալային համակարգը: 2020-ից ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող համակարգը, ըստ Գեղամ Մանուկյանի, խնդիրներ ունի Սահմանադրության հետ, քանի որ վարորդը խախտում կատարելիս և՛ տուգանվում է, և՛ բալից զրկվում, արդյունքում՝ կրկնակի պատիժ է ստացվում:
Գեղամ Մանուկյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Մեր բարձրացրած հարցը ոչ թե մեղմ է, ոչ թե խիստ է այս օրենքը, կարող ենք շատ ավելի խիստ սահմանափակումներ դնել անկարգապահների համար, բայց տվյալ դեպքում հարցը մեկ կետի շուրջ է՝ նույն արարքի համար վարորդին երկու անգամ պատասխանատվության ենթարկելը:
Մանուկյանը նաև թվերով խոսեց, նկատեց, եթե 2017-ին, երբ բալային համակարգը չկար, ճանապարհներին պատահարների արդյունքում մահացել էր 279 քաղաքացի, 2018-ին՝ 343, 2019-ին՝ 341, 2021-ին, երբ արդեն ներդրված էր բալային համակարգը, ՃՏՊ-ների պատճառով 368 քաղաքացի է մահացել:
Բալային համակարգը ՃՏՊ-ների զոհերի թվի աճի հետ կապելու Մանուկյանի վերլուծությանը ՔՊ-ից Բաբկեն Թունյանն արձագանքեց:
Բաբկեն Թունյան, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ - Պարոն Մանուկյան, վարսավիրին հարցնում են՝ քաղցկեղն ինչի՞ց է առաջանում, ասում է՝ տանը սափրվելուց, այսինքն՝ այդ կեղծ պատճառահետևանքային կապերը միշտ մարդկանց մոլորության մեջ են գցում, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բալային համակարգի ներդրումը նպաստել է զոհերի թվի աճին:
Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, այժմ պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ իր բացատրությունը ներկայացրեց, հիշեցրեց՝ 2 տարի առաջ ներդրված համակարգն ընդամենը 40 տոկոսով է աշխատում, այլն էլ՝ միայն Երևանում ու միայն տեսահսկման համակարգով արձանագրված խախտումների դեպքում: Իսկ թե որքանով է արդյունավետ եղել բալերով վարորդի կարգապահությունը գնահատելը, վիճակագրությանը հղում արեց:
Արմեն Խաչատրյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Զոհերով ու վիրավորներով ՃՏՊ-ների բաժինը Երևանում կազմում էր 45-60 տոկոս, բալայինի կիրառումից հետո՝ 20-21 տոկոս:
Մեկ արարքի համար երկու պատասխանատվության խնդիր չկա՝ նշեց Խաչատրյանը: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էլ հիշեցրեց՝ մահվան ելքով պատահարների թվի վրա ազդել է նաև երկիր ներմուծված մեքենաների թիվը, 2018-19-ին խոսքը 290 հազար տրանսպորտային միջոցի մասին է: Եթե ընդդիմության գնահատմամբ օրենքը Սահմանադրության հետ խնդիրներ ունի, ապա պետք է դիմել բարձր ատյան՝ մեծամասնությունից հորդորեցին ընդդիմադիրներին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց՝ նման դիմում անպայման մուտք կանեն Սահմանադրական դատարան:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև ՔՊ-ից Հայկ Սարգսյանի նախագիծը: Պատգամավորն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել ու ավելացնել երկրի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին տրվող ֆինանսական հատուցումն ստանալու իրավունք ունեցող շահառուների ցանկը:
Հայկ Սարգսյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Առաջարկել եմ բոլոր այն դեպքում, երբ զոհված մեր զինծառայողները չունեն ծնողներ, կին կամ զավակներ, հատուցումը տրամադրել հարազատ եղբորը, քրոջը կամ փաստացի ամուսնության մեջ գտնվող անձի, որն ունի համատեղ զավակ:
Երկրորդ ընթերցման բերված մեկ այլ նախագծով էլ Կառավարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանում, բացի քաղաքացիական և վարչական պալատների առանձնացումից, ստեղծել նաև նոր՝ հակակոռուպցիոն պալատ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող: