ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի մշակույթի նախարարի վերջին հայտարարությանը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա:
Նշենք, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարություն էր արել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին:
«Ես ուզում եմ մեր միջազգային հանրությանը դիմել ու ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, ինչպես նաև հիշեցնել ԵՄ մեր գործընկերներին, որ 2.1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում իր ավտորիտար ռեժիմով, այլ նաև իր հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և մեր պատմամշակութային հուշարձաններն ավերելու քաղաքականությամբ:
Ինչպես նաև ուզում եմ հիշեցնել մեր միջազգային գործընկերներին. ստացվում է, որ պատերազմի ընթացքում, երբ ռմբակոծվում էին մեր մշակութային կոթողները, 2 անգամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելը պատահականություն չէր, ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը, այլ հստակ մարտավարություն է հայկական հետքը մաքրելու»,- ասաց Ղազարյանը:
Այս պարագայում, ըստ Սոնա Ղազարյանի, հարց է առաջանում՝ ո՞ւմ և ի՞նչ նպատակով են ուղղվում ԵՄ ֆինանսական միջոցները: