Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցության սկզբում մարզպետը խոսել է իր կողմից դպրոցներ կատարած շրջայցերի ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև դպրոցական դասագրքերի հայտագրման, ուսուցիչների կամավոր ատեստավորումների, մարզական գույքի ձեռքբերման, դպրոցական ճաշարաններում սննդի կազմակերպման, պետական գույքի վարձակալության տրամադրման կարգի, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություններին կից հողատարածքները համայնքային սեփականությունից Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու, դպրոցներում ֆինանսական տարբեր գործընթացների կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանրակրթության վերաբերյալ տարբեր առաջարկներով և հարցադրումներով հանդես են եկել դպրոցների տնօրենները:
Գեղարքունիքի մարզպետը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ իր կողմից շրջայցերը դպրոցներում կլինեն հաճախակի, որոնց արդյունքները կքննարկվեն պարբերաբար հրավիրվող հանդիպումներում:
«Հորդորում և հանձնարարում եմ լինել խիստ հետևողական և ամեն ինչ անել օրենքի շրջանակներում՝ դպրոցներում բարձր պահելով կրթության որակը և աշխատանքային կարգապահությունը»,- նշել է մարզպետը: