Ավելի վաղ
հայտնել էինք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով ԱՀ ԿԳՄՍ նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳՄՍ նորանշանակ նախարարին։
Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին երկրի համար ստեղծված դժվարին ժամանակահատվածում իր կատարած անգնահատելի ու անձնվեր աշխատանքի համար՝ հանձնելով նրան Արցախի նախագահի պարգևը՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ։
Լուսինե Ղարախանյանն իր երախտագիտությունն է հայտնել կոլեկտիվին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ դա ժողովրդին ծառայելու և ժողովրդին մոտ գտնվելու եզակի հնարավորություն էր՝ տիեզերական ու բարձրագույն ապրումների զգացողություններով։
Շնորհավորելով նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանին՝ Լուսինե Ղարախանյանը նշել է, որ հավատում է նրա արհեստավարժությանն ու մարդկային բարձր որակներին՝ մաղթելով աննկուն կամք ու մեծ հաջողություններ։