ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ ծնողներ, կին կամ զավակներ չունեցող՝ Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ֆինանսական հատուցումը, որը նախատեսված է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից, հավասարաչափ պետք է բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր և քրոջ միջև: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ:
«Առաջարկել եմ օրենքում կատարել լրացում, որպեսզի շահառու համարվի նաև զոհված զինծառայողի հետ փաստական ամուսնության մեջ գտնվող անձը, որը զոհված զինծառայողի հետ ունի համատեղ զավակ»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Պատգամավոր Շիրակ Թորոսյանն առաջարկեց ցանկում ներառել նաև այն կանանց, ովքեր փաստական ամուսնության մեջ են գտնվել զինծառայողի հետ, սակայն չեն հասցրել երեխա ունենալ:
Հայկ Սարգսյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է առաջարկը:
«Առաջարկվեց այդ կետը հանել. հիմնավորումն այն է, որ շատ դժվար է լինելու տարանջատել՝ կինն իրականում եղե՞լ է փաստական ամուսնության մեջ, թե՞ ոչ»,- ասաց Սարգսյանը: