Ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկ, վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունը չի կարող դիմակայել առանց ռազմավարական գործընկերների և հարևան պետությունների հետ հստակ կանոնակարգված հարաբերություններ ձեռք բերելու: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ակնհայտ է, որ դարեր շարունակ կայսերական պետության նկրտումներ ունեցած պետության գենետիկ հիշողությունը ժամանակ առ ժամանակ հարմար միջավայր ստեղծվելուն պես գլուխ է բարձրացնում, սակայն մեզ համար կարևոր է նման դեպքերում արժանի դիմադրություն կազմակերպելը: Կտրուկ փոփոխվող քաղաքական իրողություններում անհրաժեշտ է ճկունություն ցուցաբերել ու հասկանալ, որ պատմության անվերջ շրջապտույտը մեզ բացառիկ հնարավորություն է տվել ունենալ անկախություն և ինքնիշխանություն, որը ցանկացած գնով պահպանելը պետք է լինի յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքն ու առաքելությունը: Այժմ մեր խնդիրն է՝ կովկասյան տարածաշրջանի հիմնական խաղացողների քայլերը հասկանալ, դրանք վերլուծել, լինել իրատես, զերծ մնալ կործանարար մեծամտությունից, ավելորդ հուզականությունից և անհիմն ինքնավստահությունից»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, որքան էլ պարտված լինելու հանգամանքը խոչընդոտներ է ստեղծելու Հայաստանի համար: