ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
ԱՄՆ կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի ղեկավար ղեկավար Նադին Մաենզան մտահոգություն է հայտնել Հայ առաքելական Եկեղեցու գրությունները տաճարներից հեռացնելու՝ Բաքվի ծրագրերի կապակցությամբ: Այդ մասին նշված է հանձնաժողովի՝ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերը և կրոնական ու մշակութային այլ օբյեկտները»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտնել էր Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում եկեղեցիներից հայկական հետքերը մաքրելու մտադրության մասին:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԵՄ 2 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և ԵՄ քաղաքականությանը Բաքվի միջամտության թեմաները քննարկվել են փետրվարի 7-ին՝ Եվրախորհրդարանի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի և Եվրամիության ժողովրդավարական գործընթացներին արտաքին միջամտության հատուկ հանձնաժողովի համատեղ նիստում:
Ժողովրդավարություն՝ հանուն Ադրբեջանի շարժման ներկայացւոցիչ, ԵՄ-ում և Եվրախորհրդում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը նշել է, որ եվրոպական կառույցները հաճախ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի վրա աչք են փակում։
Նա հիշեցրել է Ադրբեջանի հետ կապված սկանդալները: Մամեդովը նշել է, որ ԵԽԽՎ-ում անցկացված հետաքննությունը, բացի Բաքվի հետ կոռուպցիոն կապեր ունեցած պատգամավոր Լուկա Վոլոնտեի քրեական հետապնդումից, այլ լուրջ արդյունք չի տվել։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին, Արևելյան գործընկերությանն Ադրբեջանի անդամակցության տրամաբանությանը, և պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու հնարավոր միջոցներին։
Լսումների մասնակիցները կոչ են արել ԵՄ-ին 2 միլիարդ եվրոյի չափով օգնություն չհատկացնել Ադրբեջանին՝ ֆինանսական միջոցների օգտագործման թափանցիկության բացակայության պատճառով։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախապատրաստական փուլում է։ «Ժամկետներն առաջիկա օրերին պարզ կլինեն»,- նշել է նա։
Մեկնաբանելով Պուտինի հնարավոր այցը Թուրքիա՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ հանդիպման ժամկետները դեռևս պարզ չեն, դրանք կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով։
«Իսկապես, նման այց նախատեսված է, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են, որ այն տեղի կունենա, երբ թույլ տան ղեկավարների ժամանակացույցն ու համաճարակաբանական իրավիճակը», - հայտնել է Պեսկովը։
ԿԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԻՆՎԵԼ
Փետրվարի 10-ից 20-ը Ուկրաինայի զինված ուժերը զորավարժություններ կանցկացնեն՝ «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի, «Ջավելին» հրթիռային համալիրների և կառավարվող շարժական հակատանկային NLAW հրթիռների կիրառմամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։
«Կիևն աշխարհի շատ երկրներից սպառազինություն է ստանում», - նշե է նա՝ հավելելով, որ նախօրեին զրուցել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ, քննարկել Ուկրաինային հետագա օգնության տրամադրման հարցը:
Ավելի վաղ արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ վերջին շրջանում Ուկրաինան ստացել է 1,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ավելի քան հազար տոննա զենք։
ՌԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
ԱՄՆ ֆինանսների նախարարության և պետքարտուղարության պատվիրակությունը մեկնելու է Եվրոպա՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների տեխնիկական համակարգումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակությունը կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա և Գերմանիա:
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն էլ նշել է, որ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների բացասական հետևանքներն Արևմուտքում դրանք նախաձեռնողների համար կլինեն անխուսափելի: