Այն պնդումները, թե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հանդիպումը փետրվարի 7-ին տեղի չի ունեցել տարաձայնությունների պատճառով, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն:
«Ոչ մի լուր, անանուն աղբյուր և դավադրապաշտական տեսություն չեն կարողանա սեպ խրել Ուկրաինայի և Գերմանիայի ամուր հարաբերությունների մեջ։ Այն պնդումները, թե Ուկրաինայի նախագահի և Գերմանիայի ԱԳ նախարարի հանդիպումը տեղի չի ունեցել որոշակի քաղաքական ազդակ հղելու նպատակով, չեն համապատասխանում իրականությանը», - գրել է Նիկոլենկոն:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահն ունի չափազանց հագեցած ժամանակացույց:
Զելենսկու և Բերբոքի հանդիպումը պետք է տեղի ունենար Կիևում փետրվարի 7-ին: Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հանդիպումը չեղարկվել է ժամանակացույցի փոփոխության պատճառով։ Միևնույն ժամանակ, CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ հանդիպումը չեղարկվել է զենքի մատակարարման և «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ տարաձայնությունների պատճառով: