Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռևս պարզ չեն, դրանք կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, նման այց նախատեսված է, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են, որ այն տեղի կունենա, երբ թույլ տան ղեկավարների ժամանակացույցերն ու համաճարակաբանական իրավիճակը»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը նշել էր, որ նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Նա հավելել էր, որ թուրքական կողմը կարող է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վլադիմիր Պուտինի համաձայնության դեպքում: