Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021-ի դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումները: Հաագայի դատարանն Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու որոշում էր կայացրել՝ կանխելու հայատյացությունը, դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը: Ադրբեջանի վրա դրված պարտավորություններից էր նաև չձեռնարկել որևէ քայլ, որը կարող է բարդացնել կողմերի միջև առկա վեճը:
Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Ցավոք, գործելաոճը, որ տեսնում ենք Ադրբեջանի կողմից, հատկապես վերջին զարգացումները, ոչ այլ ինչ են, քան այս նշված կետերի ուղղակիորեն խախտում: Այս ուղղությամբ մենք էլ հնարավորություն ունենք անհրաժեշտության դեպքում միջոցների խախտման մասին դատարանին ծանուցելու:
2021-ի մարտին համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները վանդալիզմի ենթարկում, անարգում Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Վերջին օրերին հայտնի դարձավ նաև, որ Բաքուն հանել է Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցու խաչը՝ փորձելով հայկական եկեղեցին ներկայացնել որպես «աղվանա-ուդիական»:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - 2020-ի ադրբեջանական ագրեսիայից հետո մեր մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային իրավունքով սահմանված գրեթե բոլոր գործիքակազմերը կիրառվել են և՛ ՀՀ պետական մարմինների, և՛ Արցախի Հանրապետության պետական մարմինների, նաև հասարակական հատվածի լուրջ, ակտիվ մասնակցությամբ:
Արցախի օմբուդսմենը հիշեցրեց միջազգային կառույցներին ուղարկված նամակների ու զեկույցների մասին: ԵԽԽՎ հատուկ զեկուցողն է անդրադարձել նաև Արցախի մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգներին: Ստեփանյանն արձագանքեց նաև աշխատանքային խումբ ստեղծելու՝ Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Բաքուն միշտ է փորձել մշակութային հուշարձաններից վերացնել հայկական հետքը:
Երևանը ևս խստորեն դատապարտել է Բաքվի վերահսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը: Արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը շեշտել է՝ հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումն աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար:
«Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ 2021 թ. դեկտեմբերի 7-ին կայացված որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված վանդալիզմի ու պղծման գործողությունները»: Ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտության և տեղում անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։ Հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ոչնչացման և ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»:
Հայաստանում մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են կառավարությանը, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին անհապաղ ծանուցվի միջազգային կառույցներին: