Իսկ ում է պետք Լուկաշենկոն: Այսօր հռետորական հարցն ԱԺ ամբիոնից հնչեցրեց ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ արձագանքելով Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ երեկ հնչեցրած մտքերին:
Ռուստամ Բաքոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Էս հռետորական հարցը, կարծում եմ, իր ժողովուրդը իրեն տվել է, և էն պրոցեսները, որ այդ երկրում տեղի ունեցան, հստակ գնահատակն էր իր անցած պաշտոնավարման ժամանակահատվածին, թե երկիրն ինչ վիճակում էր պահել, և դրա արդյունքը ինչ եղավ:
Բելառուսի առաջնորդը Հայաստանի մասին հայտարարությունն արել էր Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն ստեղծելու գաղափարի մասին:
Ալեքսանդր Լուկաշենկո - Գիտեք. Բելառուսն արդեն այնտեղ է, մտածում եմ, որ Ղազախստանի համար լավ դաս եղավ, եթե դիտարկենք 15 տարվա ժամկետը, վստահ եմ, որ այնտեղ կլինի Ուկրաինան, եթե մենք սխալներ չգործենք: Իսկ մնացածը՝ հարակից տարածքները, այդ հզորության միության ստեղծումից հետո, որտե՞ղ են հայտնվելու: Հայաստանը գնալու տեղ չունի: Ի՞նչ է՝ մտածում եք նրանք որևէ մեկին պե՞տք են, նրանք արդեն տեսան, Նիկոլ Փաշինյանը արդեն տեսավ դա:
Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ հայ և բելառուս ժողովուրդները բարեկամներ են, և որևէ հայտարարություն չի կարող ազդել դրա վրա: Արշակյանը Լուկաշենկոյին մեկնաբանելու կարիք չի տեսնում:
Հակոբ Արշակյան (ՀՀ Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, ԱԺ փոխնախագահ) - ... որևէ կերպ նման հարցեր չեն քննարկվում ՀՀ-ում...
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը Բելառուսի նախագահի հայտարարությունները անթույլատրելի համարեց և ոչ հարիր պետության ղեկավարին:
Վաղարշակ Հակոբյան (ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ) - Ես ուզում եմ նշել, որ այդ որակումներն իսկապես դատապարտելի են: Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ, և ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը, և ես վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը:
«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանն էլ համոզված է, որ Լուկաշենկոն շատ ժամանակ հաշվի չի առնում՝ կարելի՞ է արդյոք նման ոճ կամ բառապաշար օգտագործել:
Արմեն Ռուստամյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Էստեղ մենք հարցը պետք է մեր մեջ գտնենք: Ինչո՞ւ ենք մենք առիթ տալիս, որ նման հայտարարություններով հանդես գան մեր հասցեին: Մինչև հիմա որևէ արձագանք չենք լսել: Ընդդիմության դատապարտելով հարց չի լուծվի, էստեղ պետք ա դատապարտի պետությունը:
Այս հայտարարությանը արձագանքեց նաև Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ) - Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ:
Ալեքսանդր Լուկաշոնկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է, պաշտոնը ստանձնել է 1994-ին: