«Երևանտրանս» ՓԲԸ ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացրեց աշխատանքային օրերին սպասարկած տրանսպորտային միջոցների միջին քանակը. ավտոբուսներ՝ 340, միկրոավտոբուսներ՝ 453, տրոլեյբուսներ՝ 31:
Սանիտարական անբավարար տեսքի համար զգուշացվել և ժամանակավորապես դադարեցվել է 242 մեքենայի աշխատանքը: Մեքենաները լվանալուց հետո թույլատրվել է դրանց աշխատանքը:
«Երևանտրանսի» ներկայացուցիչը նշեց նաև, որ նշված ժամանակահատվածում վերանորոգվել է 7 կանգառասրահ:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունը հայտնեց կանգառասրահների վիճակից:
«Մեր կանգառասրահները շատ վատ վիճակում են գտնվում, դրանք բարոյապես մաշվել են: Ինձ համար մի քիչ անհասկանալի է այդ կանգառասրահների շահագործումը: Եթե չեմ սխալվում, 2022 թվականի բյուջեում մենք 25 միլիոն դրամի շրջանակներում գումար էինք հատկացրել, որ նոր կանգառասրահներ դրվեն: Կշարժվենք այն ուղղությամբ, որ վարչական շրջաններով փոփոխություն անենք, որ համալիր լուծում լինի: Այնպես, ինչպես լուսավորությունն ենք անում, վերցնում ենք մի վարչական շրջան ու լուսավորությունը փոխում»,- ասաց նա: