Խորհրդարանական լսումներից հետո «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին օրենսդրի ոլորտային հանձնաժողովում: Նախագծի հիմնական զեկուցող ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները, իսկ փոփոխությունների մեջ տեղ են գտել նաև խորհրդարանական լսումների ժամանակ արված առաջարկները:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հստակեցվել է ուսումնական հաստատությունների տնօրեններին անվստահություն հայտնելու գործընթացը:
Ժաննա Անդրեասյան - Հիմք ընդունելով լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշներն ու պահանջներն են, որ կարող են քննարկել անվստահության հարցը:
Մանկավարժի որակավորման պահանջը վերանայվել է. բնագիտական, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների, ճարտարագիտություն և մաթեմատիկա առարկաների դեպքում դրվել է մասնագիտական բարձրագույն կրթության պահանջ, իսկ նախկինում պետք էր ուսուցչի որակավորում կամ մանկավարժահոգեբանական ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ: Փոխնախարարը կարևորեց նաև տնօրեն ու համակարգող դառնալու չափորոշիչները:
Ժաննա Անդրեասյան - Ներառել ենք շահերի բախման գործընթացը կանխելու դրույթը, որ նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք:
Դպրոցների քաղաքականացվածության ու կուսակցականացման հարցը նույնպես օրենքով կկարգավորվի: Ըստ Անդրեասյանի՝ պետական ուսումնական հաստատության տնօրեն, համակարգող չի կարող առաջադրվել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության և նրա ստորաբաժանումների ղեկավար, վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ:
Ժաննա Անդրեասյան - Եվս մի նկատառում. մենք հաճախ ունենում ենք դեպքեր, երբ գործող տնօրենների նկատմամբ իրականացվում են քրեական հետապնդումներ, բացահայտվում են հանգամանքներ, օրինակ՝ ֆինանսական յուրացումների մասով: Այնուհետև դրանք փոխհատուցվում են այդ անձի կողմից, ու սա որևէ կերպ չի խոչընդոտում, որպեսզի հետագայում, չնայած արդարացնող հիմք չկա, այդ գործընթացի արդյունքում քրեական հետապնդումը դադարեցվել է, այդ մարդը նույն ձևով գա, շարունակի մասնակցել մրցույթների և նորից ընտրվի: Ուստի նախագծում ավելացվել է, որ ոչ արդարացնող հիմքով, եթե քրեական հետապնդումը դադարեցվել է, այդ անձը չի կարող առաջադրվել, նշանակվել տնօրենի կամ համակարգողի պաշտոնում:
«Հանրակրթության մասին» օրենքով նաև տնօրենի պաշտոնավարման նոր ժամկետ է սահմանվել. նախկին 3 տարվա փոխարեն օրենքի փոփոխություններն ընդունվելու դեպքում տնօրենը կպաշտոնավարի 5 տարի:
Հեղինակ՝ Անի Օհանյան