Ավտովարորդներն արդեն 3-րդ ցույցն են անցկացնում, պահանջում են չբարձրացնել ապահովագրության վճարները: Նախորդ երկու ցույցերը Հանրապետության հրապարակում ու Կենտրոնական բանկի շենքի դիմաց էին, այժմ ընտրել են Ապահովագրողների բյուրոյի հասցեն: Ի դեպ՝ վճարների նոր կարգավորումը մասամբ ուժի մեջ է մտել այսօրվանից:
Արտակ Խաչատուրով, վարորդ - Մենք ԱՊՊԱ համակարգին կողմ ենք, բայց ասում ենք՝ մի առիթավորվեք դրանից: Ամեն ինչ պիտի լինի պատճառաբանված ու տրամաբանական: Հիմա այս փոփոխության մեջ մենք տրամաբանություն չենք տեսնում, իսկ պատճառաբանությունները, բոլորդ տեսել եք, դրանք առնվազն հուսադրող չեն:
Ակցիայի մասնակից Արտակ Խաչատուրովը նշեց նաև, որ հաջորդ շաբաթ խորհրդարանական լսումներին մասնակցելու հրավեր են ստացել, որին ներկա են լինելու շահագրգիռ բոլոր կողմերը:
Արտակ Խաչատուրով - Մի պայմանով ենք ասել, որ ոչ թե հավաքվենք, զրուցենք, անցնի գնա, այլ փորձենք կոմպրոմիսային լուծում գտնել:
Բայց մինչև այս ամենը՝ ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել թանկացումը, նոր անցնել քննարկումների: Բյուրոյի դիմաց հավաքվել էին, իրենց պնդմամբ, կառուցողական զրույց ծավալելու: Ավոտապահովագրողների բյուրոյի տնօրենն ընդունեց առաջարկը, մի քանի հոգու հրավիրեց ներս՝ քննարկման: Ակցիայի մասնակիցների առաջին հարցը՝ որոնք են թանկացման հիմնավորումները: Բյուրոյի տնօրենի խոսքով՝ գնաճի պատճառով չվերանայված սակագները դարձել են անհամարժեք և չեն ապահովում հատուցումները: Վարորդները հետաքրքրվում են նաև բոնուս-մալուս համակարգից, և՝ արդյոք արդյունավե՞տ է այն:
Արտակ Խաչատուրով - Որքանո՞վ է տրամաբանական այն անձանց, որոնք կյանքում վթար չեն ունեցել, իրենց ապահովագրավճարը թանկացնել:
Վաղինակ Եղիազարյան, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն - Կամ այն պատահար ունեցողներինը շատ ավելի պիտի թանկացնես, կամ բոլորինն ինչ որ չափով: Բոնուս - մալուս համակարգը հիմա 25 դաս է դարձվել և որպեսզի 300 տոկոս բարձրանա, պետք է միանգամից 15 դաս բարձրանա՝ մեջտեղի դասից: Իսկ ամենաբարձր հատուցման դեպքում, որ վերանայել ենք, դա 8 դասն է, որը 300 տոկոս չէ, միջինը՝ 100 տոկոս:
Դեկտեմբերի վերջին Ավտապահովագրողների բյուրոյի խորհուրդը որոշել էր վերանայել ապահովագրության վճարների շեմը՝ բարձրացնելով այն 1500-3000 դրամով: Փոփոխության համաձայն՝ վերացվում է ռիսկային խումբ հասկացությունը, և բոլոր վարորդների համար սահմանվում է միասնական դրույքաչափ: Փոփոխվում է նաև բոնուս-մալուսների համակարգը, և այսուհետև մալուսներն ավելանալու են ոչ միայն պատահարների քանակը, այլև պատճառված վնասի չափը հաշվի առնելով: Բյուրոյի տնօրենը հավաստիացնում է՝ ապահովագրականների շահույթը հասել է նվազագույնի: Վարորդներն առաջարկով են հանդես գալիս:
Արտակ Խաչատուրով - Ասել ենք՝ կասեցրեք, նույն բանը հանրայնորեն իրազեկեք, որոշ ժամանակ հետո ասեք, օրինակ՝ ապրիլի 1-ից կմտնի ուժի մեջ, մի փոքր փոփոխություններով, այդ ընթացքում կնայենք՝ ով ինչ խելացի բան է առաջարկում: Որ թանկանում է, մարդիկ նոր պետք է պայմանգիր կնքեն, 99 տոկոսն այս պահին չեն կնքելու:
Մոտ 1.5 ժամ տևած քննարկմանը կողմերը պնդեցին իրենց առաջարկները, վարորդները ժամանակ են պահանջում, ասում, եթե ավելի ողջամիտ առաջարկ չլինի, կհամաձայնեն առաջարկվող փոփոխություններին: Բյուրոն էլ իր դիրքորոշումն է պնդում՝ ընդունելի առաջարկ լինի, կքննարկեն, բայց ուժի մեջ մտած կարգը հիմա չեն կասեցնի: Կողմերն այդպես էլ ընհանուր հայտարարի չեկան, յուրաքանչյուրն իր ճանապարհով: Վարորդներն էլ որոշեցին ցույցերը շարունակել: