Գորիսի մանկապատանեկան ըմբշամարտի մարզադպրոցի սաների թիվը վերջին օրերին կրկնապատկվել է: Պատանիների ոգևորության առիթը հաղթանակած ըմբիշներ Արտակ Աղաբեկյանն ու Ալենն Միրզոյանն են, որոնք Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի ունեցած ըմբշամարտի մանկապատանեկան մրցաշարում զբաղեցրել են առաջին և 3-րդ տեղը: Հայաստան են բերել գավաթ, ոսկե և բրոնզե մեդալներ:
Տիգրան Աղաբեկյան, Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն - Մրցաշարից անմիջապես հետո երեխաների թիվը, կարելի է, ասել բազմապատկվեց: Իսկապես, Ձեր այցով էլ երեխաները շատ ոգևորվեցին: Սյունիքի մարզում պետք է խթանենք սպորտը, հատկապես՝ ըմբշամարտը, քանի որ ըմբշամարտի ոգին և դաստիարակությունն այլ կերպ է ազդեցություն գործում երեխաների ռազմահայրենասիրության վրա:
Ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ՝ Հայաստանից մասնակցել է երկու խումբ՝ 2 մարզիչ և 4 մարզիկ: Ներկայացրել են Սյունիքի մարզը և Երևանը: 200-ից ավելի ըմբիշների մասնակցությամբ մանկապատանեկան մրցաշարի 35 կգ քաշային կարգում հաղթանակը Սյունիք բերած Արտակն ասում է` ուրախությունը կիսել է հայրիկի հետ, որը նաև իր մարզիչն է:
Մարզիկներին շնորհավորելու էին եկել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը: Մարզպետը կարևորում է միջազգային նմանօրինակ մրցաշարերին մասնակցելը, ասում է` միշտ պատրաստ է աջացել, որպեսզի Սյունիքում զարգանա սպորտը:
Ըմշամարտի ֆեդերացիան և Սյունիքի մարզպետարանը համատեղ ջանքերով մտադիր են ընդլայնել համայնքային ըմբշամարտի խմբակները: Շուտով ըմբշամարտի մարզումներ կիրականացվեն նաև Տաթև համայնքում:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան