Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում «լավրովյան պլան» եզրույթը, որի ստեղծման մեջ Հայաստանի երրորդ նախագահը մեղադրում է գործող իշխանությանը, շրջանառվել է հենց իր իշխանության օրոք: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հունվարի 31-ի հարցազրույցին՝ Ֆեյսբուքում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Սերժ Սարգսյան (ՀՀ երրորդ նախագահ) - Մարդիկ այդպես անվանել են, իմիջիայլոց, անվանել են իրենք` այսօրվա իշխանությունները, երբ ընդդիմություն էին, և դրա մասին համանախագահներն էլ են խոսել և այլն:
Դեռևս 2016 թվականի օգոստոսին միջնորդներին իր հղած նամակում Սարգսյանը գրել է. «Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված վերջին գաղափարներին»: Նույն տեքստում ավելի ուշ Սարգսյանը օգտագործում է «Լավրովի գաղափարների իրականացումը» բառակապակցությունը: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտության համահեղինակ է առնվազն. «Լավրովի գաղափարներ»-«Լավրովի պլան». երկու արտահայտությունների միջև գտեք էական տարբերություններ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ բանակցային գործընթացում միշտ եղել է ըմբռնում, որ հարցի կարգավորումը պետք է անցնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով: Ալեքսանյանը համաձայն է այս դիտարկմանը, սակայն նշել՝ ի տարբերություն 2016-ի օգոստոսի առաջարկի՝ նախկին բոլոր փաստաթղթերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ընդամենը հաստատեր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հռչակագիրը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման որոշում կայացներ:
«2016 թվականի փաթեթով, արդեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ կարգավիճակը պիտի որոշեր և ԼՂ ներքին կյանքի կազմակերպման խնդիրներ պիտի լուծեր: Նման բան նախկինում երբեք չի եղել: Իսկ ԼՂ կարգավիճակը որոշելիս ՄԱԿ-ի ԱԽ-ն չէր կարող չհենվել իր իսկ ընդունած բանաձևերի վրա: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախկինում այս թեմայով ընդունված բանաձևերի դրույթները կանխատեսելի են դարձնում, թե ինչ որոշում պիտի կայացներ: Պիտի արձանագրեր ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմում և պիտի արձանագրեր ԼՂ ադրբեջանցիների իրավունքների իրացման՝ վերադարձի և ԼՂ իշխանության մարմիններում ընդգրկվելու մեխանիզմներ»:
Պատգամավորն անդրադարձել է երրորդ նախագահի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման 2016-ի առաջարկությունները համանախագահները ներկայացրել են ապրիլյան պատերազմից հետո:
«Սա իրականությանը չի համապատասխանում, և այս դրվագը ունի սկզբունքային նշանակություն: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ առաջարկություն եղել է նաև ապրիլյան պատերազմից առաջ, մասնավորապես՝ 2016 թվականի հունվարին: Եթե Սարգսյանը ընդուներ այս փաստը, պիտի ընդուներ նաև, որ 2016 թվականի հունվարին համանախագահների ներկայացրած առաջարկը Հայաստանի կողմից մերժելն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը: Այս դրվագը պարզաբանում է նաև ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական գնահատականի հարցը: Վարչապետ Փաշինյանը արդեն նշել է, որ 2016 թ. ապրիլից առաջ և հետո ներկայացված երեք առաջարկներում բացակայել է «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: 2011 թվականին Կազանում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, որից հետո սկսեց ծավալել ռազմական էսկալացիա: 2015 թվականի աննախադեպ ռազմական էսկալացիայից հետո 2016 թվականի հունվարին միջնորդների կողմից ներկայացվում է արդեն վերը նշված հունվարյան առաջարկը: Հայկական կողմը կտրուկ նեգատիվ վերաբերմունք է արտահայտում դրան, որին հաջորդում է ապրիլյան պատերազմը, որից հետո կրկին ներկայացվում են հունվարյան տրամաբանությանը համապատասխանող և հետո ավելի վատ առաջարկներ: Այս նախադեպից հետո Ադրբեջանն արդեն ավելի համակարգային առաջնորդվում է «ընդունեք իմ պահանջները, հակառակ դեպքում հարցը պատերազմով կլուծեմ» քաղաքականությամբ:
Հարցազրույցում երրորդ նախագահը նշել է՝ 2016-ի առաջարկները հայկական կողմի կարմիր գծերը չեն հատել: Ալեքսանյանը հիշեցնում է՝ 2016-ին միջնորդներին ուղղված փաստաթղթերում Սարգսյանն այդ առաջարկներին տվել է բացասական գնահատական:
«Առաջարկները Հայաստանի կողմից գնահատվել են որպես անընդունելի՝ փորձելով բանակցային թղթերում վերականգնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Այդ նախադասությունը բանակցային փաթեթներում վերականգնելու փորձերն են հանգեցրել նրան, որ 2018 թվականի հունվարի 18-ին Կրակովում համանախագահները արել են երկու առաջարկ. վերադարձնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ամրագրել Քելբաջարի շրջանի միջանկյալ հանձնման, այսինքն՝ ԵԱՀԿ մոնիթորինգի տակ թողնելու գաղափարը: «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը վերականգնել չի հաջողվել, Քելբաջարի միջանկյալ հանձնման գաղափար է ի հայտ եկել, որը այլևս դարձել է բանակցային ժառանգություն: Եվ, ի դեպ, 2019 թվականին համանախագահները ոչ մի նոր բանակցային թուղթ չեն ներկայացրել կողմերին, այլ ներկայացրել են 2016-ի օգոստոսի փաստաթղթի մոդիֆիկացիան: 2019-ի թղթում նույնպես արտահայտված չէ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը, բայց արձանագրված է Քելբաջարի ու Լաչինի միջանկյալ հանձնման դրույթը»:
Սերժ Սարգսյանը նաև անլուրջ է համարել պնդումը, թե Հայաստանը և Ադրբեջանը 1991 թվականի՝ «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Այդ համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից և ՀՀ օրենսդրության անբաժանելի մաս է: Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված այդ փաստաթղթում ասվում է. «Պայմանավորվող Բարձր կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և (Անկախ պետությունների) համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են ԽՍՀՄ փլուզման պահին իրենց միջև գոյություն ունեցած սահմանները»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նա տիրապետում է բանակցային ողջ գործընթացին, Սերժ Սարգսյանը կեղծիք է որակել՝ ասելով, թե միայն փաստաթուղթ կարդալով հնարավոր չէ ամբողջապես տեղեկանալ գործընթացին:
Սերժ Սարգսյան - Փաստաթուղթ ընթերցելով դա անհնար է: Ուղղակի նաև ասեմ, որ նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախապատրաստում էր այդ բանակցությունները, վարում էր նախնական բանակցություններ:
Ալեքսանյանն ուշագրավ է որակել նաև այն, որ նույն հարցազրույցում Սարգսյանն ընգծել է, թե ոչ մի բանավոր պայմանավորվածություն իր պաշտոնավարման ընթացքում չի եղել:
«Եթե բանավոր պայմանավորվածություններ չեն եղել, ուրեմն միայն փաստաթղթեր կարդալով հնարավոր է տիրապետել ողջ բանակցային բովանդակությանը: Ի դեպ, փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ ոչ միայն համանախագահների առաջարկությունները, այլև երկկողմ մակարդակներով տեղի ունեցած նամակագրությունները, արձանագրությունները: Եթե միայն փաստաթղթերով հնարավոր չէ տիրապետել բանակցային գործընթացին, ուրեմն եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ: Բանակցային բովանդակության մասին գաղափար կազմելու համար ամենևին էլ երկրորդական չեն հրապարակային արված հայտարարությունները»:
Հարցում, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններն առկա են, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը Սերժ Սարգսյանի հետ համաձայնել է, ընդգծելով՝ հենց դա է իշխանության քաղաքականությունը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան