Կրթության ոլորտում, բովանդակային փոփոխությանը զուգահեռ, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքը ևս մեր Կառավարության առաջնահերթություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
«Այդ առումով, մինչև 2026 թվականը նախատեսել ենք կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ Հայաստանի ողջ տարածքում։
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման այս ծրագիրն իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա։
Արդյունքում՝ մինչև 2024 թվականը Հայաստանում կկառուցենք կամ կամրացնենք առնվազն 46 դպրոց՝ շուրջ 20 հազար աշակերտի համար ապահովելով անվտանգ կրթական պայմաններ:
Ծրագրի շրջանակում արդեն ունենք արդյունքներ․ ավարտվել են 7 դպրոցի վերակառուցման աշխատանքները, շենքերը հանձնվել են շահագործման, իսկ այս տարի նախատեսում ենք ավարտել ևս 8 դպրոցի կառուցման աշխատանքները։ Այս պահին շինարարություն է ընթանում 20 դպրոցներում»,- գրել է ՀՀ փոխվարչապետը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: