Լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տևական ժամանակ չի նվազում, իսկ խոշոր խաղացողները շարունակում են խնդրի վերաբերյալ հայտարարություններով հանդես գալ: Կիևում և եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, ինչպես նաև Վաշինգտոնում ուշադիր հետևում են ռուսական զորքի տեղաշարժին Բելառուսում, որտեղ փետրվարի 10-ին պետք է մեկնարկեն ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժություններին կմասնակցեն մոտ 400 զինվորական և 70 միավոր հատուկ տեխնիկա: Ավելի վաղ համացանցում տեսագրություններ էին տարածվել, որոնցում երևում է մի շարք համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, տակտիկական հրթիռային համակարգերի, ծանր զրահատեխնիկայի տեղաշարժը դեպի Բելառուս:
Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ երկու երկրների զորքը տեղակայված է բելառուսա-ուկրաինական սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ՝ նշելով, որ եթե Կիևը պատերազմ սկսի Դոնբասում, Մինսկը և Մոսկվան միասնական պատասխան կտան:
Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրություն չունի: Ինչ վերաբերում է զորավարժություններին, Կրեմլն ընդգծում է՝ զորքի տեղաշարժն իր սուվերեն իրավունքն է, և որևէ երրորդ երկրի Մոսկվան հաշվետու չէ:
Հատկանշական է, որ վերջին ամիսներին Կիևը սպառազինություն է ստացել մի շարք եվրոպական երկրներից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից: Որոշ դեպքերում դա առավել ժամանակակից նմուշներն են:
Եվրոպական մայրաքաղաքները շտապում են նախազգուշացնել Մոսկվային ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից: Հակառակ պարագայում խոստանում են միջոցներ ձեռնարկել՝ մասնավորապես հրաժարվել ռուսական գազից: Լեհաստանում Գերմանիայի դեսպան Առնդ Ֆրայտագը հայտարարել է, որ Բեռլինը կարգելափակի «Հյուսիսային հոսք-2» գազամուղի բացումը, եթե Ուկրաինայում պատերազմ սկսվի:
Իրավիճակից ձգտում է օգտվել Ադրբեջանը: Այդ երկրի տարբեր շրջանակներ արդեն սկսել են խոսել այն մասին, թե Բաքուն կարող է փոխարինել Ռուսաստանին՝ ապահովելով «հին աշխարհամասը» կապույտ վառելիքով:
Օրերս Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հաստատել է տեղեկությունը, որ Բրյուսելը բանակցում է Միացյալ Նահանգների, Կատարի և Ադրբեջանի հետ՝ գազի հնարավոր մատակարարման շուրջ, եթե Ռուսաստանն ինչ-որ պահի հրաժարվի գազային պայմանագրերից: Բարդ է պատկերացնել, որ Ռուսաստանը կգնա նման քայլի՝ նշում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը, հավելում՝ նույնպիսկ այդ պարագայում գործնականում Բաքուն չի կարող դիտարկվել որպես լուրջ այլընտրանքային մատակարար:
Նարեկ Կարապետյան, տնտեսագետ - Ադրբեջանը եվրոպական գազի շուկայում էական դերակատար լինել չի կարող՝ ինչպես պաշարների, այնպես էլ ենթակառուցվածքների առումով:
Այնինչ, Բաքվի կողմից սեփական հնարավոր դերակատարման ուռճացման փորձերն անթաքույց են: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, թե իրենք պատրաստ են օգնության ձեռք մեկնել Եվրոպային:
Շաբաթներ առաջ, ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել էր Կիև և բանակցություններ անցկացրել Ուկրաինայի նախագահի հետ: Հանդիպման արդյունքի վերաբերյալ տեղեկություն, սակայն, այդպես էլ չտարածվեց: