Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մինչև բանակցությունները ղեկավարներն ուղենշել են առաջիկա քննարկումների շրջանակները։ Պուտինը գոհունակությամբ է նշել Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև առևտրային, քաղաքական և այլ ոլորտներում գործակցության զարգացման դինամիկան։ «Հասկանում եմ, մեզ երկուստեք անհանգստացնում է անվտանգային իրավիճակը Եվրոպայում։ Շնորհակալ եմ, որ Ֆրանսիան մշտապես ակտիվ դերակատարում ունի որոշումների կայացման հարցում, որոնք ուղղված են Եվրոպայում հավասար անվտանգության ապահովմանը, մասնավորապես՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծմանը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Մակրոնն իր հերթին հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումից հետո հնարավոր կլինի գտնել պատասխաններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի համար։ «Հարկավոր է, որ բոլորը պատասխանատվությամբ վերաբերվեն անվտանգային հարցերին, երկխոսություն է անհրաժեշտ։ Հարցը մտահոգիչ է երկու կողմի համար էլ»,- շեշտել է նա։
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ անցած շաբաթ քննարկել է իր և Պուտինի միջև ավելի վաղ տեղի ունեցած շփումների արդյունքները։ «Հարկավոր է հասկանալ՝ ինչ ուղղությամբ ենք պատրաստվում առաջ շարժվել, այդ թվում՝ նորմանդական ձևաչափով, և թե ինչպես ենք լուծելու անվտանգային հարցերն ամբողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ռուսաստանում»,- եզրափակել է նա։
*****
Նախօրեին Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովն իտալական La Repubblica թերթի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից դեռևս չի տեսնում ռազմական որևէ սպառնալիք, սակայն չի բացառում հետագայում իրավիճակի սրման հնարավորությունը։ Ռեզնիկովը վստահեցրել է, որ Կիևը հարձակում չի նախապատրաստում Ղրիմի և Դոնբասի ուղղությամբ։ Նա հույս է հայտնել նաև, որ մոտ ապագայում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ «Բանակցությունների վայր կարող են դառնալ Ժնևը, Բեռլինը, Վարշավան կամ Ստամբուլը»,- նշել է նա։
*****
Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիաները։ Շարքային քաղաքացիներից բացի փողոց են դուրս եկել նաև քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Երթի մասնակիցները պահանջել են նախագահ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Վերջիններս արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել, մի շարք անձինք բերման են ենթարկվել։ Համընդհանուր դժգոհության և լարվածության ֆոնին 2023 թվականի հունիսին Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ «Ժողովրդի դաշինք» ուժը նախագահի պաշտոնին առաջադրել է Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը։
*****
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն ընտանիքի անդամների շրջանում նշել է կառավարման 70-ամյակը։ Հոբելյանի նախօրեին նա կազմակերպել է նաև հանրային ընդունելություն։ Համազգային տոնակատարությունները կանցկացվեն հունիսին։ 95-ամյա թագուհին ուղերձով դիմել է ժողովրդին և շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Եղիսաբեթ II-ը նաև հայտարարել է, որ իր ավագ որդին՝ արքայազն Չարլզը, կլինի Միացյալ Թագավորության հաջորդ թագավորը, իսկ Քորնուելի դքսուհի Քամիլան կստանա կոնսորտ թագուհու կարգավիճակ։ Եղիսաբեթը թագուհի է հռչակվել 1952 թվականի փետրվարի 6-ին։