Հատկապես գիշերային ժամերին հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման գործում ոստիկանական կարգախմբերի շրջայցերն առանցքային նշանակություն ունեն, հնարավորություն են ընձեռում հանցագործին հենց հանցանքի վայրում բռնելու:
Նման աչալուրջ ծառայության շնորհիվ փետրվարի 4-ին ՊԾ Երևանի գնդի ոստիկանները գողության հերթական դեպքն են կանխել: Ժամը 3.30-ի սահմաններում Ազատության հրապարակում, շրջայցի ժամանակ, պարեկները նկատել են երկու տղամարդու, որոնք բացել էին սուրճի վաճառակետի սառնարանի դուռը և փորձում էին գողություն անել:
Բռնել էին նրանց և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Բաժնում պարզվել է բերման ենթարկվածների ինքնությունը. մեկը Մյասնիկյան պողոտայի բնակիչ էր՝ 35 տարեկան, մյուսը Արագածոտնի մարզի Կոշ գյուղից՝ 32 տարեկան: Հանգամանքները քննությամբ պարզվում են: