Փոքրիկ Պերպետուան ընտանիքի հետ է ծանոթացնում: Աղջնակը ծնվել է Եգիպտոսում, 4 տարի առաջ ծնողների հետ մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան: Արաբ ընտանիքը Հայաստան է եկել եգիպտահայ բարեկամների խորհրդով: Ընտանիքի հոր՝ Պիտերի խոսքով՝ երկրի տեղն անգամ չգիտեին, բայց եկան ու չսխալվեցին:
Պիտեր Սենդ - Ստեղ շատ հանգիստ ա, շատ լավ է, պրոբլեմ չկա:
Իսկ կինը՝ Վիոլան, Եգիպտոսում հաճախ է առողջությունից գանգատվել. հաճելիորեն զարմացած է՝ Հայաստանում օդից է, թե ջրից, հիմա իրեն լավ է զգում:
Վիոլա Սենդ - Շատ լավ է այստեղ՝ հանգիստ, ապահով: Երբ Եգիպտոսում էի, անընդհատ գլխացավեր էի ունենում, իսկ այստեղ լավ եմ:
Երբ Հայաստան եկան՝ երեքով էին, հիմա ընտանիքում համալրում ունեն: Տղան՝ Ջորջը, ծնվել է Էջմիածնում: Ընտանիքը փախստականի կարգավիճակ ունի: Մինչև այստեղ բնակվելը, փախստականների հանրակացարանում էին: Էջմիածին են տեղափոխվել, երբ Պիտերն այստեղ լիբանանյան մի ռեստորանում աշխատանք է գտել: Հետո ռեստորանը փակվել է, բայց իրենք չեն հեռացել ու հիմա վարձով ապրում են Էջմիածնում: Պիտերն այստեղ նոր աշխատանք է գտել՝ ոչ ամենօրյա:
Պիտեր Սենդ - Ավտո եմ լվանում, բայց ամեն օր չեմ աշխատում, ինքը զանգում է, նոր գնում եմ:
Ամսական 16-17 օր է աշխատում՝ 5000 դրամ օրավարձով: Ուզում է մշտական գործ լինի, պատրաստ է օրը 15 ժամ աշխատել, միայն թե ամբողջական աշխատավարձ ստանա: Ընտանիքը հայրենի Ալեքսանդրիայում իր տեխնոլոգիայով հացահատիկ և լոբազգիներ է աճեցրել:
Վիոլան էլ դաստիարակչուհի է, բայց նույնպես պատրաստ է ցանկացած աշխատանք անել, երբ Ջորջին մանկապարտեզ տանի: Երիտասարդ ամուսիններն իրենց ապագան Հայաստանում են տեսնում:
Լեզվի հետ կապված խնդիրները լուծելու համար հայերեն են սովորում. օգնում են հարևաններն ու ծանոթները, երբեմն էլ դիմում են «Գուգլ թրանսլեյթին»:
Ամենավարժը Պերպետուայի մոտ է ստացվում: Մանկապարտեզում, որտեղ փոքրիկ աղջկան հայերեն դասեր են տալիս, նաև հաշվել են սովորեցրել: