Հայկական պահածո, կաթնամթերք, հյութեր, չրեղեն, մսամթերքից սկսած՝ վերջացրած արևահամ գինիներով. «Պատրաստված է Հայաստանում» մակնշումն ընդլայնում է իր դիրքերը ռուսական շուկայում՝ ճանապարհ բացելով դեպի Եվրոպա: Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում սննդամթերքի և ըմպելիքների խոշորագույն միջազգային ցուցահանդեսին այս տարի Հայաստանն աշխարհի քմահաճ սպառողին միասնական տաղավարով ներկայացնում է էկոլոգիապես մաքուր սնունդ, իսկ գինու սիրահարներին՝ յուրահատուկ նոր տեսակներ: Նորությունների թվում է հայկական կարտոֆիլե չիպսը:
Անդրանիկ Մամաջանյան, արտադրող ըներության վաճառքի տնօրեն - Շուկայում արդեն ունենք 1000-ից ավելի գործընկերներ: Ակնկալիքները՝ արտահանում ԵԱՏՄ երկրներ:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական 15 գինեգործական ընկերություն մասնակցում է ցուցահանդեսին: Արցախի Շեխեր գյուղից պատերազմից հետո գինու արտադրությունը Հայաստան տեղափոխած գործարարը հասցրել է Սևանում արտադրությունը ոտքի կանգնեցնել ու ներկայանալ «Պրոդէքսպո»-ին: «Ոսկեհատ», «խնդողնի», «կանգուն» տեսակի սպիտակ ու կարմիր գինիներից բացի ունեն նաև նռան գինի, որը, սակայն, այսուհետ, Ռուսաստանում օրենքի փոփոխություններից հետո գինի չի կարող կոչվել: Դա, արտադրողի խոսքով, կազդի վաճառքի տեմպերի վրա:
Ամեն տարի «Պրոդէքսպո»-ում հավաքվում են դաշնային և տեղական ցանցերի գնորդները՝ Ռուսաստանի և Եվրասիական միության երկրների պարենային ոլորտի ռազմավարական պատվիրատուները: Այս տարի մասնակիցների թիվը հատում է 70-ը, այցելուները ժամանել են 115 երկրից:
Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Շուրջ 50-ից ավել կազմակերպություն է մասնակցում այսօրվա ցուցահանդեսին, որոնցից 34-ի ծախսերը փոխհատուցել է ՀՀ կառավարությունը:
Թեև Հայաստանի արտահանման առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին, բայց արտադրողները փաստում են՝ այստեղ մասնաբաժինը մեծացնելու անհրաժեշտություն և հնարավորություն դեռ կա թե՛ սննդի և թե՛ խմիչքների պարագայում:
Նմանատիպ հարթակները հնարավորություն են ստեղծում հնաբնակներին ընդլայնվելու, իսկ նորեկներին Կառավարությունն օժանդակում է գտնել նոր շուկաներ: Այս նպատակով էլ նախատեսվում են հանդիպումներ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ԵԱՏՄ ագրոարդյունաբերական բլոկի և խոշորագույն ընկերությունների հետ: