Պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Ահա այսպես երդվում են՝ մինչև Հայաստանի քաղաքացիության անձնագիրը ձեռքն առնելը:
Ստեփան Գեբենլյանը Կանադայից է 1 տարի առաջ եկել Հայաստան, որոշել է՝ ուզում է մնալ:
Ստեփան Գեբենլյան - Ընտանիքս վերադարձավ Հայաստան, ես մենակս կապրեի հոն, կուզեի, որ ընտանիքիս հետ ապրեի, անոր համար եկա Հայաստան:
Հայրը, մայրը, եղբայրն ու քույրը արդեն ունեին անձնագիր ու քաղաքացիություն: Հերթը՝ իրենն էր:
Թե մինչև Ստեփանը այս տարվա ընթացքում արդեն քանիսն են Հայաստանի քաղաքացիություն ստացել, անձնագրային և վիզաների վարչությունում դեռ չեն հաշվել. միայն մեր նկարահանման օրը իրենց հերթին սպասողները 12-ն էին: Այս տարվա ընթացքում ակնկալվում է, որ թիվն ավելի մեծ կլինի, քանի որ հունիսի 25-ից ուժի մեջ մտնող օրենքը քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման 6-ամսյա ժամկետը կրճատել հասցրել է 90 աշխատանքային օրվա: Վարչարարությունը ևս կկրճատվի: 2021 թ. քաղաքացիություն ստանալու համար դիմել է 8521անձ, 7379-ը ստացել են ՀՀ քաղաքացիություն:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետ) - Եթե համեմատենք նախորդ տարվա հետ՝ 2020 թ. ունեցել ենք 11456 անձ քաղաքացիություն ստացած, 2019 թ.՝ 13469:
Ռուսաստան, Միացյալ Նահանգներ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար տարբեր երկրներից են դիմում:
Ուազ եղբայրները Դուբայից են՝ բժիշկ, ինժեներ, հիմա էլ են աշխատում այնտեղ:
Կապի Ուազ - Իմ մայրը հայ է, իմ տատիկն ու պապիկը միշտ հայերեն էին խոսում, այդքանն է եղել մեր կապը Հայաստանի հետ, բայց հիմա մենք վերադարձել ենք և ուզում ենք վերագտնել մեր կապը: Եվ ասում ենք՝ մենք հայ ենք, ինչու չունենանք քաղաքացիություն:
Կգա՞ք Հայաստանում ապրելու հարցիս պատասխանում է՝ գուցե: Առաջին այցից տպավորությունները շատ լավն են: Ամռանը կնոջ հետ է այցելելու՝ նաև կկողմնորոշվեն:
Եթե ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցված է, ապա օտարերկրացիների դեպքում պարտադիր է 3 տարի Հայաստանում մշտական բնակություն հաստատելը կամ ՀՀ քաղաքացու հետ օրինական ամուսնացած լինելը:
Իսկ քաղաքացիությունից հրաժարվելու միակ պայմանը այլ պետության քաղաքացիություն ստանալու մասին փաստաթուղթն է:
2021-ին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է 4510 անձ, պատճառների մասին ուսումնասիրություններ չեն վարում: Ամեն դեպքում, ըստ Մկրտչյանի, քիչ չեն, սակայն, հրաժարվելուց հետո կրկին վերականգնելու դեպքերը:
Որոշ ժամանակ անց նրանք կրկին դիմում են վերականգնելու, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Այդպիսի շատ դեպքեր են ունեցել:
Թվերն էլ փաստում են՝ ամեն անցնող տարի Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը պակասում է: 2019-ին հրաժարվել են 6525-ը, 2020-ին՝ 5596-ը, իսկ 2021-ին՝ 4510-ը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան