ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ փետրվարի 4-ին տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպման արդյունքներով՝ Մակրոնի և Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի այսօր վերադարձել է հայրենիք։
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է հայրենիք վերադարձած զինծառայողների անունները՝ Տարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ:
Հայաստան վերադառնալուց ժամեր առաջ նրանց տեսակցել են Կարմիր խաչի ներկայացուցիչները:
«Լուրերի» հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է՝ իրենք տեղյակ են այսօրվա գործընթացի հետ կապված, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցությունների մեջ:
«Սակայն հարկ է նշել, որ մեր կազմակերպության ներկայացուցիչներն այս անձանց տեսակցել են նախքան իրենց վերադարձը, ինչպես նաև այս ողջ ընթացքում տեսակցել են իրենց և մյուսներին, որոնք դեռևս պահվում են մյուս կողմում: Թե՛ մեր պարբերական այցերը, թե՛ այս վերջին այցը նպատակ են ունեցել անձանց պայմանները գնահատել, նաև առողջական վիճակը: Ամբողջ ընթացքում անձանց հնարավորություն է տրվել պահել կապը իրենց հարազատների հետ»,- ասել է Զառա Ամատունին: