67, 41 և 44 համարի միկրոավտոբուսային երթուղիները մի քանի օր է չեն աշխատում: Դրանց շահագործման 15 տարվա ժամկետը լրացել է: 41-ն ու 67-ը սպասարկում էին նաև Ներքին Չարբախը, որտեղ տրանսպորտի ընտրությունն այդքան էլ մեծ չէ: Քաղաքային իշխանությունը վստահեցնում է՝ մի քանի օրից 67-ին կփոխարինեն 14 և 54 համարի ավտոբուսները։
Հայկ Սարգսյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ԺՊ - 67-ի փոխարեն կաշխատի 54 ավտոբուսը, ուղեգծի փոփոխություն կանենք, որ գյուղը լիարժեք սպասարկում իրականացնի: Շարժակազմի ավելացում կանենք, որ բնակչությանը հնարավորինս լավ, նորմալ սպասարկենք: Եվ 14 ավտոբուսը, որի սկզբնակետը նույն Ներքին Չարբախ հատվածից է:
Կախված ուղեգծի երկարությունից, ըստ կարգի, միկրովատոբուսները՝ 5-6, ավտոբուսները՝ 12-20 րոպե պարբերականությամբ պետք է աշխատեն: Փակված գծերի տնտեսվարողները երկար տարիներ երթուղիները նոր մեքենաներով չեն համալրել, ունեցել են ընդամենը 5 կամ 6 մեքենա, ինչի պատճառով քաղաքացիներն ավելի քան 30 րոպե սպասել են: Թե 41 և 44 համարի երթուղայիններին տրանսպորտի վարչությունը ինչ այլընտրանք կառաջարկի, պարզ չէ, հարցը քննարկման փուլում է.
Հայկ Սարգսյան - Մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող բոլոր միկրովտոբուսային և ինչու չէ՝ ավտոբուսային երթուղիները հիմա մեր մի քիչ վատ կհնչի՝ նշանառության տակ են, բոլորն էլ նայելով գնում ենք ու առաջնահերթ գնում ենք նրանց, որոնք ավելի վատ են սպասարկում, ավելի հին են մեքենաները:
Մոտ տասը օրից կփոխվեն նաև 28 և 35 երթուղիները սպասարկող ավտոբուսները: Մանուշակագույն «Հիգերներին» կփոխարինեն նոր՝ կապույտ «Ժոնգ Թոնգերները»: Գործող 7-ի փոխարեն առաջիկայում օրական երթի դուրս կգա ավելի քան 10-ը մեքենա: Սարգսյանի խոսքով՝ 20-ի փոխարեն ուղևորներն ավտոբուսին մինչև 12 րոպե կսպասեն:
Հայկ Սարգսյան - 28-ը մի փոքր ուղեգծի շեղումով, այսինքն՝ բարելավելով Նազարբեկյան թաղամասի բնակիչների խնդրանքը, հարմարավետությունը, որովհետև այդ թաղամասը կապը կորցրել էր առհասարակ Բարեկամություն, Արաբկիր, Նորքի զանգված, Ավան այդ կողմերի հետ:
Թե ինչու են ընդամենը վերջերս փոխված Գազելներն ու ավտոբուսները նորից կապույտ «Ժոնգ Թոնգերներով» փոխում, օրինակ, 3-ը կամ 99-ը, Սարգսյանը պարզաբանում է՝ կախված տարածքի աշխարհագրական դիրքից, որտեղ հնարավորություն կա ավելի մեծը շահագործելու, փոքրերը փոխվում են մեծով, պահվում, ռեզերվում՝ կաթվածահար իրավիճակների, նաև երկար ժամանակ չգործող գծերի համար:
Հայկ Սարգսյան - Վաղուց փակված գծերը, որոնք լավն էին, առաջարկություն կա, որ վերաբացվեն: 2-րդ համարի մասին ենք մտածում, քննարկման փուլում է:
2021-ին Հայաստան բերված 211 կապույտ «Ժոնգ Թոնգերներից» երթում այս պահին 60-ն են, փոքր դասի 100 «Գազել սիթիներից» էլ՝ 86-ը: Թե ռեզերվում մնացած մեքենաներն առաջիկայում որ երթուղիները կսպասարկեն, տրանսպորտի վարչությունում դժվարանում են պատասխանել, խոստանում՝ մինչև տարեվերջ եղածը համալրել ևս 100 միջին ու 100 բարձր դասի ավտոբուսներով: