Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը: Տվյալն իրացնելու նպատակով նրանք համագործակցել են Շենգավիթի ոստիկանների հետ:
Փետրվարի 4-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել չորս տղամարդ, երեքը՝ Սևան քաղաքի, մեկը` Երևանի բնակիչ: 33-ամյա սևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ապակե խողովակ` մոխրացած հետքերով, նաև պոլիէթիլենային տոպրակով մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված` մոտ հինգ գրամ: Մոխրացած հետքերով դեղահաբի մի սրվակ էլ հայտնաբերվել է 27-ամյա սևանցու խուզարկությամբ:
33-ամյա տղամարդը, որի խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամինի նմանվող զանգվածը, ձերբակալվել է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: