ԱՄՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՉԻՆԱԿԱՆ ԱՄԱՆՈՐԸ
Նյույորքցիները Չայնաթաունում՝ Չինական թաղամասում, նշել են Վագրի տարվա մեկնարկը` առյուծների տոնական պարով ու ճայթուկներ պայթեցնելով: Չինական ավանդույթի համաձայն՝ ճայթուկները գալիք տարվանից հեռացնում են չար ոգիներին և հաջողություն բերում:
Ամենամյա այս միջոցառումը կորոնավիրուսի պատճառով անցած տարի չէր անցկացվել:
Էրիկ Ադամս (Նյու Յորքի քաղաքապետ) - Վագրի տարի է, այն մեզ ուժ է ցույց տալիս, ճկունություն ու տոկունություն է ցույց տալիս Քովիդ-19-ը հաղթահարելու համար, հանցագործությունները հաղթահարելու համար, տնտեսությունը վերաբացելու համար: Չինական համայնքը շատ մեծ ու կարևոր նշանակություն ունի մեզ համար: Շնորհակալ եմ, որ ինձ այստեղ լինելու հնարավորություն ընձեռեցիք, և կարողացա ձեզ հետ տոնել Նոր տարին:
Չինական Նոր տարվա տոնակատարության մասնակիցները լավատեսությամբ են լցվել, որ Վագրի տարին մեծ փոփոխություններ կբերի իրենց քաղաքին և նախորդ տարվա համեմատ շատ ավելի լավը կլինի:
ԹՈՒՆԻՍ
ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ` ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
Արևոտ մի օր ծովափին մոտոցիկլետ վարող հինգ կանանց Թունիսի մայրաքաղաքում ամեն օր չես տեսնի: Իրենց իսկ խոսքով՝ սա բավականին արտասովոր տեսարան է Թունիսի նման երկրի համար:
Queen Bikers` «Թագուհի մոտոցիկլիստներ» կոչվող ակումբի անդամներից մեկը` Խադիջա Հսաինին, վստահեցնում է, որ Թունիսում ավելի քան 300 կին մոտոցիկլետ վարելու իրավունք ունի: Սակայն նրանցից ընդամենը մի քանիսն են միայն այդ մարզաձևով զբաղվում, քանի որ ավելի շատ նախընտրում են կանանց, այլ ոչ թե տղամարդկանց հետ մոտոցիկլետ վարել:
Թունիսում մոտոկրոսի առաջին չեմպիոնուհին Չայմա Բեն Ամուն է: Նա նույնպես Queen Bikers-ի անդամ է: Հույս ունի, որ կկարողանա խրախուսել ավելի շատ կանանց միանալ այս մարզաձևին, նրանց հետ շրջել երկրում և մասնակցել տեղական ու միջազգային մրցաշարերի:
Չայմա Բեն Ամու (Թունիսում մոտոկրոսի առաջին չեմպիոնուհին) - Բարեբախտաբար, մայրս ու հայրս հավանության արժանացրեցին մոտոցիկլետ վարելու` իմ ցանկությունը: Նրանք գիտեին, որ սա պարզապես մեկանգամյա ցանկություն չէ ինձ համար: Ես առանց մոտոցիկլետի կյանք չունեմ, ես առանց մոտոցիկլետի հիվանդանում եմ:
Ակումբի անդամները նպատակ ունեն մարտահրավեր նետել սոցիալական կարծրատիպերին՝ փորձելով փոխել մոտոցիկլետով կանանց հանդեպ վերաբերմունքը։
ԼԻԲԻԱ
600 ԿԻԼՈԳՐԱՄԱՆՈՑ ՇԱՈՒՐՄԱ ԲԵՆՂԱԶԻԻ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ
Լիբիայի Բենղազի քաղաքի ռեստորաններից մեկում պատրաստել են քաղաքի ամենամեծ շաուրման. այն 600 կիլոգրամ քաշ ունի: Շաուրման պատրաստված է հավի մսից և մատուցվում է ռեստորաններից մեկում, որը բացվել է 2004 թվականին:
Հաթեմ Քարքում (ռեստորանի սեփականատերը) - Կարող եք համարել, որ այս շաուրման գալիք` ավելի մեծ շաուրմայի անոնսն է: Նախատեսում ենք մոտ ապագայում հազար կիլոգրամանոց շաուրմա պատրաստել:
Ռեստորանի դիմաց տասնյակ մարդիկ հերթ են կանգնել` հսկա շաուրմայից գնելու համար: Ռեստորանի աշխատակիցները մեծ ջանասիրությամբ աշխատում են` բոլոր հաճախորդներին սպասարկելու համար: Այս շաուրմայի գինը, ի տարբերություն մյուսների, բավականին մատչելի է: Ռեստորանի տերն այս քայլով ցանկացել է հնարավորինս շատ հաճախորդների գրավել:
Շաուրման մերձավորարևելյան հայտնի ուտեստ է, այն պատրաստելու համար լոշիկի մեջ հիմնականում տապակած միս, թթու վարունգ և համեմունքներ են փաթաթում: Արաբերեն «շաուրմա» նշանակում է «պտտել»:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՖՐԱՆՑ ՄԱՐԿԻ «ԱՂՎԵՍՆԵՐԸ» ԿՏԱՎԸ ԴՐՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ
Գերմանացի էքսպրեսիոնիստ Ֆրանց Մարկի կտավը համաշխարհային նոր ռեկորդ կսահմանի նկարչի համար, երբ հաջորդ ամիս աճուրդի դրվի:
«Աղվեսները» ստեղծագործությունը վառ գույներով երկու, իրար միահյուսված աղվեսների է ներկայացնում: Կտավը մարտի 1-ին «Քրիստի» աճուրդի տան լոնդոնյան վաճառքի գլխավոր նմուշն է լինելու: Այն գնահատվել է մոտ 35 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Յուսի Պիլկանեն («Քրիստի» աճուրդի տան նախագահ) - Արվեստի աշխարհի համար դա հիանալի պահ կլինի, քանի որ Ֆրանց Մարկի կարևոր կտավները բավականին քիչ են: 1913 թվականին նա ընդամենը 45 կտավ է վրձնել: Դրանցից 4-ը մասնավոր հավաքածուներում են: Սա գլուխգործոց է, որը Գերմանիայի թանգարանում ցուցադրվում է 1962 թվականից: Ուստի սա իսկապես մի պահ է, որին հավաքորդների մի քանի սերունդ է սպասել:
Ֆրանց Մարկը գերմանական էքսպրեսիոնիստական շարժման առաջատար ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է Մյունխենում՝ 1880 թվականին: Մահացել Առաջին աշխարհամարտում՝ Վերդենի ճակատամարտում՝ ընդամենը 36 տարեկանում: Քանի որ կարճ է ապրել, թողած գործերն էլ այնքան շատ չեն:
«Աղվեսները», որը հեղինակը նկարել է 1913 թվականին, 1928-ին գնել է գերմանացի հրեա հավաքորդ Կուրտ Գրավին: Նա, ըստ «Քրիստիի», ստիպված է եղել վաճառել այն` իր ընտանիքի կարիքները հոգալու համար և արտագաղթել է նացիստական Գերմանիայից: Ավելի ուշ նկարը նվիրել են Դյուսելդորֆի Կունստպալաստ թանգարանին, որտեղից այն անցած տարի վերադարձրել են Գրավիի ժառանգներին:
ԿԱՄԲՈՋԱ
ԿԱՄԲՈՋԱՅԻ ՎԻՇԱՊԻ ԵՎ ԱՌՅՈՒԾԻ ՊԱՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Կամբոջայում գործող պարախումբը նախապատրաստվում է ամանորյա տոնակատարությանը՝ ըստ Լուսնային օրացույցի: Նրանք պարում են հայտնի վիշապի և առյուծի պարերը: Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր սա նրանց առաջին ելույթն է լինելու:
28-ամյա Գնուոն Վիրաքը մանկուց սիրել է պարել և մեծացել է Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում՝ չինական տաճարի մոտ: Յոթ տարի առաջ վարպետին խնդրել է, որ իրեն պարել սովորեցնի և միացել է պարախմբին, որը հայտնի է «Բոդհի ծառերի թատերախումբ» անվամբ: Արդյունքում դարձել է թիմի ղեկավար:
Գնուոն Վիրաք (պարող) - Մենք պետք է ամեն օր պարապենք: Այս գործը մեծ կենտրոնացում և մոտիվացիա է պահանջում: Առյուծի պարը ութ առյուծներով ենք պարում, ուստի պետք է ճշգրիտ և հստակ ելույթ ունենանք:
Կամբոջայի չինական ասոցիացիայի տվյալով՝ Պնոմպենում այժմ այսպիսի մոտ ութ պարախումբ կա: Սակայն Գնուոնը անհանգստանում է, որ այդ թիվը կարող է կրճատվել: Ասում է` ցանկանում է, որ երիտասարդ սերունդը հավատարիմ մնա այս ավանդույթին և հետագայում էլ այն ավելի հայտնի դարձնի:
ԱՄՆ
ԱՐՋԱՄՈՒԿԸ ԵՐԿԱՐ ՁՄԵՌ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ
Փենսիլվանիայի եղանակի հայտնի կանխատեսող արջամուկ Ֆիլը, որը կարող է գուշակել, թե Հյուսիսային Ամերիկայում երբ է ավարտվելու ձմեռը, այս տարի մարդկանց հուսախաբ է արել: Վաղ գարուն վայելելու բոլոր հույսերը հօդս են ցնդել: Կենդանին դուրս է եկել ծառի կոճղից ու տեսել իր ստվերը: Հենց այդպես են, ավանդույթի համաձայն, արջամկները կանխատեսում` արդյոք այդ տարի ձմեռը երկա՞ր կտևի, թե՞ ոչ:
Իրականում ԱՄՆ-ում սա տոն է դարձել, որի հազարավոր մասնակիցներ հավաքվել են Փենսիլվանիայի Փանքսութուն քաղաքում` նշելու Արջամկան օրը:
Ըստ ժողովրդական ավանդույթի, որը թվագրվում է 1887 թվականով, եթե կրծողը տեսնի իր ստվերը, սառը և ցրտաշունչ եղանակը կշարունակվի վեց շաբաթ: Եթե ամպամած է, և ստվեր չի երևում, ապա գարնան սկիզբը մոտ է։ Եթե օրը արևոտ է լինում, ապա կենդանին վերադառնում է իր բույնը, և դա նշանակում է, որ ցրտերը դեռ կշարունակվեն:
Արջամկան օրվա ավանդույթն իրականում սկիզբ է առել Հին Հռոմից: Այդ ժամանակ նշել են Ոզնու օրը: Հետագայում ոզնին փոխարինվել է արջամկով:
Արջամկան օրն ավելի հայտնի է դարձել 1993 թվականին նկարահանված համանուն կատակերգական ֆիլմի շնորհիվ, որտեղ գլխավոր դերում Բիլ Մյուրեյն էր: