Փետրվարի 1-6-ը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունը:
Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ է մասնակցել, որոնք 5 օր շարունակ 10 քաշային կարգերում պայքարել են Հայաստանի չեմպիոնի կոչման համար: Առավել հետաքրքիր է ստացվել գերծանր քաշային ծանրորդների պայքարը, որոնք մրցահարթակ են դուրս եկել փետրվարի 6-ին:
Համառ պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրր, 22-ամյա Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 442 կգ արդյունքով:
Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է Գոռ Մինասյանը՝435 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ): Երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են նաև Մացիկ Հակոբյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ):
Նշվում է, որ մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք: 6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը: Հայաստանի չեմպիոններ են դարձել նաև Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելլա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ): Կանանց ստուգատեսին 35 մարզուհի է մասնակցել: