ՄԱԿՐՈՆՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Առանց Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր չէ կարգավորել իրավիճակը միջազգային ասպարեզում։ Այդ մասին Մոսկվա այցի նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Եթե մենք հրաժարվենք երկխոսությունից, իսկ եվրոպացիները նման ընտրություն կատարեցին, երբ մենք կանցլեր Մերկելի հետ առաջարկեցինք ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողով անցկացնել, ապա անհնար կլինի լուծել է որևէ հակամարտություն։ Այսպես մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները խոսեն մեր անունից»,- նշել է Մակրոնը։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի այսօրվա քննարկումների օրակարգում են գլխավորապես անվտանգային երաշխիքների հարցը և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՌԴ նախագահի հետ քննարկումներից հետո՝ փետրվարի 8-ին, Էմանուել Մակրոնը կայցելի նաև Ուկրաինա։
ԲԱՅԴԵՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ԻՍՐԱՅԵԼ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին:
Զրույցի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են անվտանգության հարցեր և «Մերձավորարևելյան տարածաշրջանի այլ մարտահրավերներ», Իրանի հարցը, ինչպես նաև Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի ոչնչացումը:
«Բայդենն ընդգծել է Մերձավոր Արևելքում կայունության և գործընկերության ամրապանդման իր հանձնառությունը»,- նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ ՎԻԵՆՆԱՅԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Վիեննայում Իրանի միջուկային գործարքի վերականգնման հարցով բանակցություններում դրական տեղաշարժ է նկատվում, սակայն արդյունքներն առայժմ չեն արդարացնում Թեհրանի ակնկալիքները։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Դիվանագետը հավելել է, որ երկխոսությունն այժմ կարևոր փուլում է։ «Համաձայնության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ապահովվեն մեր տնտեսական շահերը»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է վերականգնել նախկինում գործող պատժամիջոցներից բացառությունները, որոնք Իրանին թույլ էին տալիս ստանալ այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի աջակցությունը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցում։
ԻՐԱՔՈՒՄ ԿԸՆՏՐԵՆ ԵՐԿՐԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում այսօր նախատեսված են երկրի նոր ղեկավարի ընտրությունները։ Բարձր պաշտոնի համար պայքարելու է 24 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Բարհամ Սալեհը: Քրդական դեմոկրատական կուսակցությունը և ամենամեծ սուննի կոալիցիան հայտարարել են նախագահական ընտրությունների բոյկոտի մասին։
ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԸ ՆՇԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԸ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Սանդրինգհեմյան պալատում ընտանիքի անդամների շրջանում նշել է կառավարման 70-ամյակը։ Հոբելյանի նախօրեին նա կազմակերպել է նաև հանրային ընդունելություն։ Համազգային տոնակատարությունները կանցկացվեն հունիսին։
95-ամյա թագուհին ուղերձով դիմել է ժողովրդին և շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար։ Եղիսաբեթ Երկրորդը նաև հայտարարել է, որ իր ավագ որդին՝ արքայազն Չարլզը, կլինի Միացյալ Թագավորության հաջորդ թագավորը, իսկ Քոռնուելի դքսուհի Քամիլան կստանա կոնսորտ թագուհու կարգավիճակ։
Արքայադուստր Եղիսաբեթը թագուհի է հռչակվել 1952 թվականի փետրվարի 6-ին, իր հոր՝ Գեորգ VI-րդի մահվան օրը։ Նա ամենաերկար իշխող միապետն է աշխարհում։