ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն Ազգային ժողովի еվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:
Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ 2021 թ. նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի գիտական շրջանակի ներկայացուցիչները իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից:
Ըստ այդմ՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կխթանի Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացումը, կնպաստի եվրոպական գիտական տարածքում հայ գիտնականների հետագա ինտեգրմանը, կընդլայնի ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունները: «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մասին «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միտված է նպաստելու գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններին անմիջական մասնակիցը դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն` ստանալով հասանելիություն ծրագրին մասնակից պետությունների տարածքներում գործող ժամանակակից ենթակառուցվածքներին: «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը (Horizon Europe - the Framework Programme for Research and Innovation), որը նախատեսված է 2021-2027 թթ. համար, 2014-2020 թթ. իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է: Ծրագրին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 2016 թվականից՝ «ՀՀ և ԵՄ միջև «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» Միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրմամբ (ստորագրվել է 2016 թ. մայիսի 19-ին, ուժի մեջ է մտել 2016 թ. նոյեմբերի 7-ից):
«Հորիզոն-2020» ծրագիրը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի գիտական ոլորտի զարգացման մեջ և հիշյալ ոլորտի ներկայացուցիչներին տարբեր դրամաշնորհային նախաձեռնությունների մասնակցելու բազում հնարավորություններ է ընձեռել:
«Հորիզոն-2020» ծրագրի ասոցացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը կազմել է 11,81 տոկոս (ծրագրի շրջանակում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ):