Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Մինչև բանակցությունները ղեկավարներն ուղենշել են առաջիկա քննարկումների շրջանակները։
Պուտինը գոհունակությամբ նշել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև առևտրային, քաղաքական և այլ ոլորտներում գործակցության զարգացման դինամիկան։
«Հասկանում եմ, մեզ երկուստեք անհանգստացնում է անվտանգային իրավիճակը Եվրոպայում։ Շնորհակալ եմ, որ Ֆրանսիան մշտապես ակտիվ դերակատարում ունի որոշումների կայացման հարցում, որոնք ուղղված են Եվրոպայում հավասար անվտանգության ապահովմանը, մասնավորապես՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծմանը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Մակրոնն իր հերթին հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումից հետո հնարավոր կլինի գտնել պատասխաններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի համար։
«Հարկավոր է, որ բոլորը պատասխանատվությամբ վերաբերվեն անվտանգային հարցերին, երկխոսություն է անհրաժեշտ։ Հարցը մտահոգիչ է երկու կողմի համար էլ»,- շեշտել է նա։
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ անցած շաբաթ քննարկել է իր և Պուտինի միջև ավելի վաղ տեղի ունեցած շփումների արդյունքները։
«Հարկավոր է հասկանալ՝ ինչ ուղղությամբ ենք պատրաստվում առաջ շարժվել, այդ թվում՝ նորմանդական ձևաչափով, և թե ինչպես ենք լուծելու անվտանգային հարցերն ամբողջ տարածաշրջանում, ներառյալ՝ Ռուսաստանում»,- եզրափակել է նա։